Միացյալ Նահանգները կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին ակտիվացնել ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Ինչպես հաղորդում է ադրբեջանական Haqqin.az-ը, ըստ Բաքվում ԱՄՆ դեսպանության տարածած հայտարարության՝ այս մասին Վիեննայում անվտանգության հարցերով ԵԱՀԿ ամենամյա հավաքի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Բրենտ Հարթլին:

 

«Մենք հուսով ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կընդունեն առաջիկայում Փարիզում հադիպելու վերաբերյալ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի առաջարկը: Մայիսի կեսերին տարածաշրջան կատարած այցի ընթացքում Օլանդն իր պատրաստակամությունն էր հայտնել՝ Ֆրանսիայում ընդունելու Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին ու Մինսկի խմբի համանախագահներին»,- հայտարարել է Հարթլին: Նա հավելել է նաև, որ ԵԱՀԿ գործող նախագահ Դիդիե Բուրկհալտերի՝ բանակցություններն ավելի առարկայական դարձնելու կոչը «հնարավորություն է տալիս կողմերին առաջ տանել խաղաղության գործընթացը»: