ՀՀ ոստիկանության աշխատակիցները կալանավորել են Ազատամարտիկների փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկում վիճաբանության ժամանակ տղամարդուն խոհանոցային դանակով հարվածներ հասցրած կնոջը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, նախաքննությունը շարունակվում է:

 

Հունիսի 30-ին' ժամը 00.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ էր ստացվել, որ «կրծքավանդակի արյունահոսող վերքերով, ալկոհոլային հարբածություն» ախտորոշմամբ Ազատամարտիկների փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկից բուժօգնության է տեղափոխել ոմն Կարո, որը ի վիճակի չի եղել հաղորդում տալու:

 

Նույն օրը' ժամը 02.00-ին, ոստիկանության ծառայողները հիշյալ տնից բերման էին ենթարկել 1972թ. ծնված Կարինե Ս.-ին: Նա խոստովանել էր, որ հունիսի 30-ին' ժամը 00.15-ի սահմաններում, իր ծանոթ Կարոյի հետ վիճաբանության ժամանակ խոհանոցային դանակով 2 անգամ հարվածել է նրա կրծքավանդակին: Նույն օրը' ժամը 03.50-ին, վերակենդանացման բաժանմունքում տուժողը մահացել էր: Հունիսի 30-ին Ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ, որի շրջանակներում պարզվել է, որ Կարոն 1969 թ. ծնված Կարեն Մկրտչյանն է: Հուլիսի 1-ին Կարինե Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով: