Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է 40 միլիոն ԱՄՆ դոլարի փոխառության տրամադրումը Հայաստանին՝ որպես Էներգամատակարարման հուսալիության ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում: Առաջարկվող լրացուցիչ ֆինանսավորումը թույլ կտա մեծացնել ընթացքի մեջ գտնվող ծրագրի ազդեցությունը և հոգալ Հայաստանի էներգամատակարարման ցանցի համար մեծ կարևորություն ունեցող երեք ենթակայանների' Հաղթանակի, Չարենցավան-3-ի և Վանաձոր-1-ի վերակառուցման ծախսերը:

 

Հայաստանի էներգամատակարարման ենթակառուցվածքների շահագործման միջին ժամկետը շուրջ 45 տարի է և վերջին տասնամյակների ընթացքում հիմնանորոգումներ ու վերազինումներ տեղ չեն գտել: Ներկայումս ընթացքի մեջ գտնվող Էներգամատակարարման հուսալիության ծրագիրը նպատակ ունի մեծացնել երկրի էներգամատակարարման համակարգերի հուսալիությունը՝ էներգափոխանցման ցանցի հիմնական ենթակառուցվածքների թողունակության բարելավման միջոցով: Փոխարինման ընթացքում է գտնվում էներգափոխանցման լարերի շուրջ 230կմ հատված՝ Հրազդանի ՋԷԿ-ից մինչև Շինուհայր ենթակայան: Այս ներ դրումների շնորհիվ էներգափոխանցման համակարգի այդ հատվածում կմեծանա թողունակությունն ու հուսալիությունը՝ նվազեցնելով գծի խափանումները և դրա հետ կապված էներգամատակարարման ընդհատումները:

 

«Ընտրված ենթակայանների վերակառուցմամբ համակարգը կդառնա առավել հուսալի ու խնայող, որի անմիջական օգուտները կզգան Հայաստանի բոլոր էներգասպառողները: Արդյունքում հնարավոր կլինի խուսափել հոսանքի ընդհատումների հաճախակիացումից, որը զգալիս ոցիալական ու տնտեսական ծախսեր է առաջացնում»,-ասել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափփին:

 

Տրամադրվող ֆինանսավորումն ուղղվելու է ներդրումային կարիքների շարքում առաջնայնություն ստացած ենթակառուցվածքներին: Պահանջվում է «Հաղթանակ» ենթակայանի վերակառուցում ու ընդարձակում, ինչը հույժ կարևոր է Երևանի արևմտյան մասի բաշխիչ ենթակայանների ու սպառողների համար հուսալի էներգամատակարարում ապահովելու համար: «Չարենցավան-3» և «Վանաձոր-1» ենթակայանները սպասարկում են Հայաստանի հյուսիսային ու հյուսիսարևելյան հատվածի բնակիչ-սպառողներին ու խոշոր արդյունաբերական սպառողներին: «Չարենցավան-3& raquo; ենթակայանը նաև գործում է որպես փոխանցող կայան՝ 6 այլ ենթակայանների համար:

 

Այս երեք ենթակայանների վերակառուցման և ընդարձակման աշխատանքներին անհրաժեշտ է ձեռնամուխ լինել հնարավորինս շուտ: Կառույցների մի շարք առանցքային հատվածների և հիմնական սարքավորումների շահագործման ընդունված ժամկետները վաղուց անցել են և դրանց հաճախակի խափանումները կարող են հանգեցնել զգալի բացասական հետևանքների: Մասնավորապես, որոշ ենթակայաններում կան սարքավորումներ, որ մոնտաժվել են դեռևս 1930-ականներին ու երբևէ չեն թարմացվել:

 

«Ընթացքի մեջ գտնվող ծրագրի շրջանակում կատարելագործվել են «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերության կարողությունները, և այս ընկերությունը կշարունակի մնալ որպես իրականացնող կառույց նաև այս փուլում: Սա կարևոր է իրականացման արդյունավետության և նոր ներդրումների կենսունակության ապահովման համար»,- նշել է ՀԲ ծրագրային թիմի ղեկավար Արթուր Կոչնակյանը:

 

Ծրագիրը հիմնվում է Համաշխարհային բանկի կուտակած փորձի և նախկինում Հայաստանի էներգետիկ ոլորտում իրականացված աշխատանքներից քաղած դասերի, ինչպես նաև այլ երկրներում իրականացրած էներգափոխանցման համակարգին առնչվող ծրագրերի վրա:

 

Ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը կազմում է 50 միլիոն ԱՄՆ դոլար, որից 10 միլիոն ԱՄՆ դոլարը կազմում է ՀՀ կառավարության ներդրումը: Համաշխարհային բանկը տրամադրում է 40 միլիոն ԱՄՆ դոլար ՎԶՄԲ փոխառություն հետևյալ պայմաններով՝ փոփոխական տոկոսադրույք, 10 տարվա արտոնյալ ժամանակաշրջան և 25 տարվա մարման ժամկետ:

 

1992թ. Համաշխարհային բանկին, իսկ 1993թ. ՄԶԸ-ին միանալուց ի վեր այդ երկու կառույցների կողմից Հայաստանին ընդհանուր հաշվով տրամադրվել է 1,961.73 միլիոն ԱՄՆ դոլար գումար: