ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ է արել բոլոր պետություններին հրաժարվել մահապատժի կիրառումից: Այդ մասին նա հայտարարել է կազմակերպության Նյու Յորքի կենտրոնակայանում:

 

«21-րդ դարում մահապատիժ չպետք է լինի»,- հայտարարել է գլխավոր քարտուղարը:

 

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի մոտեցող հերթական նստաշրջանի համատեքստում Պան Գի Մունը հանդես է եկել բոլոր պետություններին ուղղված կոչով՝ «վավերացնել Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի Երկրորդ ֆակուլտատիվ արձանագրությունը, որն ուղղված է մահապատժի վերացմանը»: Բացի այդ, գլխավոր քարտուղարն առաջարկել է պաշտպանել մահապատժի կիրառման մորատորիում սահմանելու վերաբերյալ ՄԱԿ-ի ԳԱ-ի 2007 թվականի բանաձևը, ինչպես նաև «կոնկրետ քայլեր ձեռնարկել ազգային մակարդակով մահապատժից հրաժարվելու ուղղությամբ»:

 

ՄԱԿ-ի ղեկավարը հիշեցրել է, որ 25 տարի առաջ կազմակերպության անդամ պետությունների միայն քառորդ մասն էր արգելել մահապատիժը: Այսօր, նրա խոսքով, շուրջ 160 անդամ պետություն կամ նման արգելք է սահմանել, կամ պրակտիկայում չի կիրառում այդ պատժամիջոցը:

 

Դրա հետ մեկտեղ Պան Գի Մունն առանձնակի անհանգստություն է հայտնել այնպիսի հանցագործությունների համար մահապատիժ կիրառելու կապակցությամբ, որոնք, ըստ միջազգային իրավունքի, չեն կարող որակվել որպես առանձնապես ծանր: