ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Տավուշի մարզ կատարած այցի շրջանակներում եղավ նաև սահմանամերձ Մովսես և Վերին Կարմիրաղբյուր համայնքներում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, կառավարության ղեկավարը հանդիպեց սահմանամերձ գոտու բնակիչներին, ծանոթացավ նրանց խնդիրներին և պատասխանեց հուզող հարցերին:

 

«Այս գյուղերը ոչ թե սահմանամերձ են, այլ սահմանապահ, և գտնվելու են կառավարության ուշադրության կենտրոնում: Ձեր բոլոր խնդիրները առաջնահերթ կարգով կքննարկվեն կառավարությունում և կգտնվեն համապատասխան լուծումներ: Մենք շնորհակալ ենք, որ այս սահմանապահ գյուղերի բնակիչները չեն լքում իրենց բնակավայրերը և այդպիսով նաև պաշտպանում են իրենց հայրենիքը», - նշեց Հովիկ Աբրահամյանը:

 

Նշված գյուղերի բնակիչները բարձրացրեցին սոցիալական տարբեր հարցեր: Աբրահամյանը նախ տեղեկացրեց, որ կառավարությունը 15-ական միլիոն դրամ է հատկացրել Մովսես և Վերին Կարմիրաղբյուր գյուղերի համար կոմբայններ գնելու նպատակով, որոնք գյուղերին կհատկացվեն մեկ ամսից: Վարչապետը նաև խոստացավ կարգավորել Վերին Կարմիրաղբյուրի մանկապարտեզի գույքի տրամադրման, ինչպես նաև քննարկել սահմանամերձ գյուղերի բնակիչների ավանդների առաջնային կարգով տրամադրման հարցերը:

 

Վերին Կարմիրաղբյուր գյուղն ընդգրկված չէ սահմանամերձ համայնքների ցանկում և վարչապետը հանձնարարեց, որպեսզի համապատասխան փաստաթղթերը ներկայացվեն, ինչը թույլ կտա գյուղին օգտվել տարբեր արտոնություններից: