ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն շարունակվել է նաև հուլիսի 7-ին: Առավոտյան ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության անդամները Մոսկվայի Ալեքսանդրյան այգում ծաղկեպսակ եւ ծաղիկներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողին: Այնուհետեւ պատվիրակությունը ուղեւորվել է ՌԴ Պետական Դումա: Գալուստ Սահակյանի եւ ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով:

 

Ողջունելով Հայաստանի խորհրդարանական պատվիրակությանը' ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը գոհունակությամբ փաստել է, որ երկու երկրների միջեւ պատմականորեն ձեւավորված ջերմ եւ բարեկամական հարաբերությունները գնալով ավելի ու ավելի են խորանում եւ ամրապնդվում: Նրա խոսքով, երկու երկրների ռազմավարական հարաբերությունների մասին են վկայում երկու երկրների նախագահների բարձր մակարդակով շփումները: Շնորհավորելով Գալուստ Սահակյանին ՀՀ Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ' Պետդումայի նախագահը համոզմունք է հայտնել, որ երկու երկրների միջխորհրդարանական կապերը ավելի կզարգանան ու կխորանան, եւ այս համատեքստում բարձր է գնահատել միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքը: Սերգեյ Նարիշկինը ողջունել եւ կարեւորել է Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը եւ նշել, որ այն խթան կհանդիսանա առեւտրատնտեսական կապերի հետագա զարգացման եւ ընդլայնման համար: Պետդումայի նախագահը կարեւոր է համարել նաեւ համագործակցության խորացումը միջազգային տարբեր հարթակներում: Ռուսական կողմն առաջարկել է նաեւ ակտիվացնել համագործակցությունը Եվրասիա կան տնտեսական միության անդամ երկրների խորհրդարանների միջեւ:

 

Շնորհակալություն հայտնելով հրավերի եւ ջերմ ընդունելության համար' ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը բարձր է գնահատել Ռուսաստանի հետ միջպետական հարաբերությունները՝ համոզմունք հայտնելով, որ հայ-ռուսական հարաբերությունները վերընթաց են ապրում: Նրա խոսքով, Հայաստանի եւ Ռուսաստանի դաշնակցային ռազմավարական գործընկերության հիմքում ընկած է ոչ միայն արդի փոխշահավետ համագործակցությունը, այլ նաեւ երկու եղբայրական ժողովուրդների դարավոր բարեկամությունը, մշակութային եւ հոգեւոր մտերմությունը: ԱԺ նախագահը նշել է, որ միջպետական կապերի կարեւոր բաղադրիչներից է խորհրդարանական ձեւաչափը: «Վերջին տարիներին նկատելիորեն բարձրացել է երկկողմ միջխորհրդարանական փոխգործակցության մակարդակը, եւ տարբեր ձեւաչափերով կազմակերպվող հանդիպումները նոր լիցքեր են հաղորդում եւ լայն հնարավորություններ ստեղծում միջխորհրդարանական համագործակցության հետագա զարգացման համար»,-ասել է Գալուստ Սահակյանը: Նա նույնպես կարեւորել է միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը, որը երկար տարիների ընթացքում արդյունավետորեն համակարգում է ՀՀ ԱԺ եւ ՌԴ Դաշնային ժողովի փոխհարաբերությունները:

 

Միջպետական հարաբերությունների համատեքստում ԱԺ նախագահը կարեւորել է երկկողմ առեւտրատնտեսական կապերի ընդլայնումը, ներդրումների խթանումը, հումանիտար ոլորտում արդյունավետ համագործակցությունը: Նրա համոզմամբ, տնտեսական համագործակցության հետագա հեռանկարների համար կարեւորագույն խթան կհանդիսանա մեր երկու երկրները կապող երկաթուղու վերականգնումը:

 

Տարածաշրջանային խնդիրներին անդրադառնալով' ԱԺ նախագահն ընդգծել է Ռուսաստանի կառուցողական դերը տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցում, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: Անդրադարձ կատարելով Հայաստանի անդամակցությանը Եվրասիական ինտեգրման գործընթացին' Գալուստ Սահակյանը նշել է, որ այն կստեղծի նոր փոխշահավետ հեռանկարներ բոլոր անդամակցող պետությունների համար:

 

Գալուստ Սահակյանը նշել է, որ 2015թ. լրանում է Ցեղասպանության 100-րդ տարելիցը, եւ, ի թիվս այլ միջոցառումների, Երեւանում ապրիլին կանցկացվի «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանության» խորագրով միջազգային համաժողով: Նա Սերգեյ Նարիշկին հրավիրել է մասնակցելու վերոնշյալ համաժողովին, ինչպես նաեւ ապրիլի 24-ին Երեւանում կայանալիք Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված ոգեկոչման միջոցառումներին: Նա հույս է հայտնել, որ Պետդուման համապատասխան կերպ կանդրադառնա մարդկության դեմ իրականացված այդ հանցանքին, եւ Պետդումայում Ցեղասպանությանը նվիրված ց ուցահանդես կկազմակերպվի: «Կարծում եմ նաեւ, որ 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը պետք է ըստ պատշաճի ընդգրկված լինի պատմության դասագրքերում' ֆաշիզմի հետ մեկտեղ»,-նշել է ԱԺ նախագահը:

 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի եւս: