Նկատի ունենալով, որ.

- Հայաստանի Հանրապետության 2013 թվականի նախագահական ընտրություններին նախորդող շրջանի և նրա շուրջ ստեղծված ներքաղաքական իրավիճակի հիմնական բնորոշիչը քաղաքական դաշտերի ռեսուրսային հավասարակշռումն էր իշխանական ու այլընտրանքային-ընդդիմադիր ուժերի միջև՝ ԲՀԿ-ի նյութական, ՀԱԿ-ի միտինգային և ՀՅԴ-ի գաղափարական միացյալ ռեսուրսների հնարավոր հակակշռումը ՀՀԿ-ի նյութական ու գաղափարական համակարգին, որը կարող էր ստեղծել ազգային և պետական շահերից բխող նախագահական ընտրությունների իրական մրցակցային մթնոլորտ,

- Հիմնազուրկ ու չարդարացված քաղաքական դրդապատճառներով ԲՀԿ, ՀՅԴ և ՀԱԿ քաղաքական կազմակերպությունների վերնախավերը, տուրք տալով անձնական հավակնություններին ու շահերին, առանց իշխանության միջամտության, չկարողացան ձևավորել միասնական ընդդիմադիր ճակատ, և իրենք իրենց դուրս դրեցին Հայաստանի Հանրապետությունում գլխավոր քաղաքական իրադարձությանը մասնակցելուց,

- Քաղաքական ուժերի նման վարքագիծը, այնուամենայնիվ, հանգեցրել է ՀՀ քաղաքական դաշտի մի նոր որակական իրավիճակի ձևավորմանը, որի հիմնական բնորոշիչն արդեն ՀՀ գործող նախագահի հաղթանակի անվիճարկելի հնարավորությունն է, ընդ որում՝ նույնիսկ առանց որևէ քաղաքական, տնտեսական և այլ կարգի ուժերի գործուն աջակցության:

Հաշվի առնելով նման իրավիճակի աննախադեպությունը՝ «Ազգային Անվտանգություն կուսակցությունը» հայտարարում է.

Գործող Նախագահի վերընտրությունից հետո նրա համար բացառիկ հնարավորություն է ստեղծվում պատմական այս ժամանակահատվածում անկաշկանդ գործելու և ձևավորելու այնպիսի իշխանական համակարգ, որն ի զորու կլինի վերադարձնել ժողովրդի հավատը իշխանության նկատմամբ և լուծել Հայաստանի Հանրապետության առաջ ծառացած ազգային-պետական կարեւորագույն խնդիրները:

«Ազգային Անվտանգություն» կուսակցությունը պատրաստ է իր ակտիվ մասնակցությունը բերել անվտանգ, արդար և ապահով Հայաստան կերտելու գործին:

Ազգային Անվտանգություն կուսակցություն