Ադրբեջանը ներկայումս այն իրավիճակում չէ, որ Ղարաբաղյան հարցի լուծման համար ընտրի ռազմական ճանապարհը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը՝ խոսելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի' նախօրեին հնչեցրած հայտարարության մասին, ըստ որի՝ Ադրբեջանն ընդլայնում է իր պոտենցիալը և «ունակ» է խնդիրը լուծել ռազմական ճանապարահով: Ադրբեջանի ղեկավարը նաև հայտարարել էր, որ Ադրբեջանն օգտագործում է քաղաքական ու տնտեսական գործոններ՝ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար:

 

Հայ քաղաքագետի խոսքով՝ այդ հայտարարությունները լուրջ ենթատեքստ չունեն, քանի որ ադրբեջանցի պաշտոնյաները բազմիցս են խոսել Ղարաբաղյան հարցի շուրջ բանակցային գործընթացի շարունակականության մասին: «Նրանց ելույթներում շարունակաբար նշվում է, որ բանակցությունները շարունակվում են և բանակցային գործընթացն իր տեղն ունի հակամարտության մեջ: Բնական է, որ դրա հետ միաժամանակ հնչում են այն հայտարարությունները, որոնք վերաբերում են խնդրի ռազմական լուծմանը: Նրանք պարբերաբար խոսում են իրենց զինվորականների վերապատրաստումների և այլնի մասին, սակայն պարզ է, որ Ադրբեջանն այսօր այն վիճակում չէ, որ խնդրի լուծման համար օգտագործի այն ռազմական բազան, որ ձեռք է բերել տարիներ շարունակ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց Մարգարովը:

 

Նա նշեց, որ այս ելույթում ևս փորձ էր արվում մեղադրել հայկական կողմին և կոծկել Ադրբեջանի ներքին խնդիրները: «Նրանք, նշելով ինչ-ինչ էլեմենտներ, բացարձակապես չեն խոսում իրենց երկրում եղած խնդիրների մասին, որոնք վերաբերում են ինչպես մարդու իրավունքների ոտնահարմանը, այնպես էլ ավտորիտար վարչակարգին և այլն: Եթե երկրում չկա ազատ մամուլ, եթե տեղի են ունենում քաղաքական հետապնդումներ, ապա նրանց մեղադրական հայտարարություններն անտեղի են դառնում»,- ասաց քաղաքագետը:

 

Ադրբեջանի դիվանագիտական ծառայությունների ղեկավարների առաջ Բաքվում ունեցած ելույթում այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ իր ղեկավարման 11 տարիների ընթացքում թե՛ եվրոպական առաջնորդները, թե՛ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները երկկողմ ձևաչափում երբեք ոչ մի խոսք չեն ասել իր վարած ներքին քաղաքականության վերաբերյալ: Նա նշել էր, որ Ադրբեջանն օգտագործում է քաղաքական ու տնտեսական գործոններ՝ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար, սակայն չէր բացառել, որ կարող են խնդիրը լուծել ռազմական ճանապարհով: