Իտալիան՝ որպես Եվրամիության խորհուրդը նախագահող երկիր, տեսնում է ուկրաինական ճգնաժամի միայն քաղաքական լուծումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Իտալիայի ԱԳ նախարար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ Մոսկվայում վարած բանակցությունների ընթացքում: «Մեր դիրքորոշումն այն է, որ քաղաքական ճգնաժամի լուծումը կարող է լինել միայն քաղաքական:

 

Եվ մենք, որքան որ մեզ թույլ կտան մեր ուժերը և ներկայիս նախագահությունը Եվրամիությունում, առաջիկա վեց ամիսներին հնարավոր ամեն բան կանենք, որպեսզի նպաստենք երկխոսությանը և փոխընդունելի լուծում գտնելուն»,- ասել է նա, հավելելով, որ անպայմանորեն Լավրովի հետ կկիսվի Կիեւ ուղևորությունից ստացած իր տպավորությունները: Հուլիսի 9-ին սկսվել է Իտալիայի ԱԳ նախարար Ֆեդերիկա Մոգերինիի այցը Ռուսաստան: Մոսկվայում նախարարը բանակցություններ կվարի Ռուսաստանի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ, ինչպես նաև մի շարք տնտեսական հարցեր կքննարկի ՌԴ կառավարության փոխնախագահ Արկադի Դվորկովիչի հետ:

 

Ինչպես սպասվում է, այցի հիմնական թեմաները կդառնան Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության կարգավորումը, միջազգային հակամարտությունների լուծումներ գտնելու շուրջ փոխգործակցությունը, ինչպես նաև երկկողմ համագործակցության հարցերը, ՌԻԱ Նովոստիին հայտնել են Իտալիայի ԱԳ նախարարության մամուլի ծառայությունում:

 

Մոսկվա այցի նախօրեին Մոգերինին եղել է Կիեւում, որտեղ բանակցություններ է վարել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի, վարչապետ Արսենի Յացենյուկի և արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինի հետ: Բացի այդ, Իտալիայի ԱԳ նախարարը հանդիպել է «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոյի և ԵԱՀԿ-ի հատուկ ներկայացուցիչ Հայդի Տալյավինիի հետ: