Թաիլանդում տեղի է ունեցել անչափահասի նկատմամբ սեռական բռնության սարսափելի մի դեպք. երկաթգծի 22-ամյա աշխատող Վանչայ Սաենգկաոն բռնաբարել է 13-ամյա մի ուղևորուհու, այնուհետև նրան դուրս նետել սլացող գնացքից։

 

Ինչպես հայտնում է CNN-ը, իրավապահները պատմել են, որ կարողացել են հայտնաբերել հանցագործին՝ զոհի սմարթֆոնի օգնությամբ։ Բանն այն է, որ Վանչայը հանցանքը գործելուց հետո վերցրել է աղջկա հեռախոսն ու վաճառել այն։

 

Նշվում է, որ Վանչայը գիշերը խցիկից առևանգել է քնած երեխային՝ տեղափոխելով մեկ այլ խցիկ, որտեղ բռնաբարել, այնուհետև խեղդամահ է արել աղջկան։ Հանցանքի հետքերը թաքցնելու համար նա սլացող գնացքի պատուհանից դուրս է նետել երեխայի անշնչացած մարմինը։

 

Հայտնի է, որ երիտասարդն ընդունել է իր մեղքը։ Այժմ նա մեղադրվում է երեխայի բռնաբարության, սպանության, ինչպես նաև գողության համար։ Չի բացառվում, որ դատարանը Վանչային մահապատժի դատապարտի։