Հայ-թուրքական հարաբերությունների և Թուրքիայի կողմից արդեն երկու տասնամյակ շրջափակման մեջ պահելու հարցը ՆԱՏՕ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի Կովկասի և Կենտրոնական Ասիայի համակարգող Դեսպինա Աֆենտուլին լռությամբ շրջանցեց' չպատասխանելով հարցին, թե հարևան պետության սահմանի շրջափակումը որքանով է մտնում այն սկզբունքների մեջ, որով առաջնորդվում է դաշինքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' հուլիսի 10-ին, Երևանում կայացած հանդիպման ժամանակ Աֆենտուլին ասաց, որ դաշինքն իր հարաբերությունները կառուցում է՝ յուրաքանչյուր երկրի առանձնահատկություններից ելնելով:

 

Համապատասխանաբար, յուրաքանչյուր երկիր ինքն է սահմանում ինտեգրման աստիճանն ու հարաբերությունների մակարդակը: Դաշինքը հարգում է բոլոր երկրներին, նրանց տարածքային ամբողջականությունն ու անկախությունը: Ընդ որում՝ դաշնակից երկրներն ընդհանրապես պարտավոր չեն ենթարկեցնել իրենց որոշումները ՆԱՏՕ-ի կարծիքին: Միաժամանակ, այդ երկրների արտաքին քաղաքականությունը չպետք է հակասի ՆԱՏՕ-ի ընդհանուր սկզբունքներին»,- ասաց նա:

 

Հարցին՝ հարևան երկրների սահմանների շրջափակումը, ինչպես նաև այն, որ Թուրքիան օգնում է Հայաստանի դեմ նոր պատերազմի պատրաստվող Ադրբեջանին, բխո՞ւմ է արդյոք ՆԱՏՕ-ի սկզբունքներից, ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը հայտարարեց, որ ՆԱՏՕ-ն նման հաշվարկներ չունի: Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն տեղյակ է Հայաստանի և Թուրքիայի միջև տարաձայնությունների մասին և նախկինում նպաստել է հարաբերությունների կարգավորման ուղիների որոնման փորձերին: