ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության իրավաբանական բաժինը հանդես է եկել ՀՀ ԱԺ պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանի, Վահրամ Բաղդասարյանի և Հերմինե Նաղդալյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ներկայացման վերաբերյալ մամուլում շրջանառվող տեղեկատվության պարզաբանմամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ԴԱՀԿ ապահովող ծառայության իրավաբանական բաժնի տարածած պարզաբանման համաձայն, նախագծով կարգավորվող հարցն ի սկզբանե կարգավորված է ՀՀ գործող օրենսդրությամբ:

 

«Մասնավորապես, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն' պարտապանի գույքի վրա բռնագանձումը տարածվում է այն չափով, որն անհրաժեշտ է կատարողական թերթի պահանջների կատարման համար, ներառյալ' կատարման ծախսերը: Նույն կարգավորումը վերաբերում է նաև վարչական ակտերով բռնագանձումներով վարույթներին՝ հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 1-ին մասը:

 

Հավելենք նաև, որ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում հարուցված կատարողական վարույթներով հարկադիր կատարողների կողմից պարտապանների բանկային հաշիվների վրա արգելանք է կիրառվում ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի' 2006թ. օգոստոսի 29-ի թիվ 520-Ն որոշմամբ սահմանված կարգով: Վերոնշյալ որոշմամբ հաստատված հավելվածի «Պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին» որոշման ձևանմուշի (Ձև 1) «Որոշեցի» մասում կոնկրետ նշվում է արգելադրման ենթակա գումարի չափը: Այսինքն՝ վերը նշված խնդրի կարգավորման տեսանկյունից օրենսդրական բաց առկա չէ», նշված է ԴԱՀԿ պարզաբանման մեջ: