Թուրքիայի նախագահի թեկնածու, «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) ազգությամբ քուրդ համանախագահ Սելահեթդին Դեմիրթաշը Հեղափոխական աշխատավորների արհմիությունների համադաշնություն կատարած այցից հետո խստորեն քննադատել է առաջիկա նախագահական ընտրություններում իր մրցակից, երկրի գործող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) խմբավորմանն ահաբեկչական չճանաչելու համար:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Ջումհուրիեթ» թերթը, Դեմիրթաշը քննադատել է Էրդողանի վարած ներքին և արտաքին քաղաքականությունը և նշել, որ Թուրքիայի վարչապետը պաշտոնավարման տարիներին մեծ սխալներ է կատարել արտաքին քաղաքականության մեջ:

 

«Էրդողանն Իրաքում և Սիրիայում գլուխներ կտրող ԻԼԻՊ-ին ահաբեկչական չի ճանաչում, իսկ հաց գնելու գնալու ճանապարհին սպանված երեխային ահաբեկիչ է անվանում: Նա գլուխ կտրողներից խնդրում է ներողամիտ լինել խաղաղ բնակչության հանդեպ՝ քաջություն չունենալով պահանջել դա, այն դեպքում, երբ ԻԼԻՊ-ի մարտիկները կտրած գլուխներով գնդակ են խաղում և ցուցադրում դա համացանցում», -ասել է նա:

 

Դեմիրթաշն ասել է, որ Էրդողանի կատարած բոլոր սխալները ժողովուրդը հիշելու է ընտրությունների ժամանակ:

 

«Ինչպե՞ս է, որ Էրդողանը ԻԼԻՊ-ին «ահաբեկչական խմբավորում» չի անվանում, իսկ Գեզիի իրադարձությունների ժամանակ սպանված անզեն Բերքին Էլվանին, Ալի Իսմայիլ Քորքմազին «ահաբեկիչ» է ասում: Հենց սա է արտաքին քաղաքականության մեջ զրոյացած նրա վարկանիշի պատճառը», -ասել է Դեմիրթաշը: