Սահմանադրական բարեփոխումների համար ստեղծված հանձնաժողովը Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգով առաջարկում է ընդլայնել հանրաքվեի ինստիտուտի շրջանակը: Ըստ սահմանադրագետների, մինչ օրս այդ ինստիտուտը չի կայացել եւ չի արդարացրել իրեն:

 

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, «Սահմանադրական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ Գևորգ Դանիելյանի գնահատմամբ, Հայաստանում ընդամենը երկու անգամ է հանրաքվե անցկացվել, ինչն ավելի քան 20 տարվա պատմություն ունեցող պետության համար շատ նվազ ցուցանիշ է:

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Գեւորգ Դանիելյանը նշում է, որ ըստ նոր հայեցակարգի, հանրաքվե հնարավոր կլինի անցկացնել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականությանը վերաբերող տարաձայնությունների դեպքում: «Արտաքինի հետ գերիշխում է այն կարծիքը, որ եթե Հայաստանը միանում է որևէ միջազգային կազմակերպությանը, ինչի արդյունքում այս կամ այն չափով սահմանափակվում է իշխանության իրավասությունները, լիազորությունները, հարցի քննարկումը կարող է իրականացվել միայն հանրաքվեի միջոցով:

 

Սա կարելի է համարել միջազգային չափանիշ»,- հուլիսի 12-ին կայացած հանդիպման ժամանակ ասաց նա' հավելելով, որ եթե նոր Սահմանադրությունն ընդունվի մինչեւ Հայաստանի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելը, ապա հարցը կարող է լուծվել հանրաքվեի միջոցով: