Ներկայում ադրբեջանական հասարակությունը անտարբեր, իներտ եւ հլու-հնազանդորեն ուղղորդված է: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, minval.az-ին հայտարարել է քաղաքական հոգեբան Սամիրա Գասըմլըն:

 

Նրա կարծիքով, երբ յուրաքանչյուր անհատ իրեն քաղաքացի է համարում, իշխանությունն էլ է նրան ընդունում այդ որակում: Այդ դեպքում իշխանությունը գիտակցում է, որ կախված է քաղաքացու քվեից, եւ եթե կորցնի վստահությունը, ապա հաջորդ ընտրություններում քաղաքացին կարող է քվերակել իր մրցակիցների օգտին:

 

«Ցավոք, մեր իրականության մեջ փոխհարաբերությունների նման շրջանը քանդվել է, եւ, հետեւաբար, կորսվել է քաղաքացիական պարտքի եւ պատասխանատվության զգացումը: Մեր ողբերգություն այն է, որ կորցնելով այդ զգացմունքը, մեր մարդիկ զուգահեռաբար կորցնում են երկրի ճակատագրի համար պատաասխանատվության զգացումը», -նշել է փորձագետը:

 

Նա ընդգծել է, որ ժողովրդավարության բացակայության պայմաններում այնպիսի ճակատագրական հարցեր, ինչպիսին, օրինակ, Եվրոպային կամ Ռուսաստանին ինտեգրվելն է, չի քննարկվում ժողովրդի հետ: «Իմ դիտարկումը հիմք է տալիս ինձ պնդելու, որ եթե այսօր հանրաքվե անցկացվի երկրի ապագայի կապակցությամբ, ապա բնակչության հիմնական մասը չի գա քվեարկելու»,- ասել է հոգեբանը:

 

Գասըմլըի խոսքով, հսկայական թվով քաղաքացիներ անգամ չգիտեն երկրի անկախության տարեթիվը եւ տեղյակ չեն նրա շուրջ տեղի ունեցող իրադարձություններին:

 

«Հասարակության մեջ տեղեկացված չլինելն ու անգրագիտությունը հանգեցրել են նրան, որ անհատը կորցրել է սոցիալականությունը եւ դարձել է անհոգ քաղաքացի: Մեր քաղաքացիների կյանքը սահմանափակվում է մանր կենցաղային հոգսերով», -նշել է նա:

 

Ադրբեջանցի փորձագետը հասարակության անտարբերությունը բացատրել է նաեւ ազգային բնավորությամբ: Նա գտնում է, որ ազգային բնավորության այնպիսի գծեր, ինչպիսիք են հոգատարությունն ու գթասրտությունը, վաղուց վերացել են ադրբեջանցիների զանգվածային գիտակցությունից:

 

Գասըմլըն գտնում է, որ արեւմտյան արժեքներում մարդու ազատությունը գնահատվում է ամեն ինչից վեր, եւ դա ցայտուն կերպով արտահայտվում է նաեւ ընտանեկան եւ հասարակական հարաբերություններում: Իսկ Ադրբեջանում հակառակն է, մարդու ազատությունը մնում է այլ արժեքների ստվերում:

 

«Օրինակ, այնպիսիք, ինչպիսիք են ընտանիքի պատիվը, «ակսակալի» կամ հոր հեղինակությունը, տարեցներին լսելը: Չի բացառվում, որ մեր հասարակության մեջ ընտանիքի հետ կապված արժեքները կանխել են կայուն կոլեկտիվի, ընդհանուր արժեքների կազմավորումը: Ազատ մարդը, ինչ-որ չափով հեռանալով տանից, դառնում է հասարակական կյանքի մաս եւ ակտիվ ստեղծող, հասարակական միջավայրի մասնակից», -նշել է նա:

 

Գասըմլըի խոսքով, ադրբեջանցիները որոշակի բարդույթներ ունեն: « Յուրաքանչյուր ադրբեջանական ընտանիքում հավաքագրված հնազանդության որակները երեխայի մոտ առաջին փուլում նեղացնում են նրա մտածողության շրջանակը, իսկ երկրորդ փուլում' նրա գործողությունների շրջանակը: Հենց նման դաստիարակությունը ինքնաիրացման հնարավորություն չի տալիս անհատին եւ որոշակի բարդույթներ է ծնում: Արդյունքում դաստիարակվում է «տիրակալի համար հնազանդ ծառա», -հավելել է ադրբեջանցի հոգեբանը: