Սահմանադրական բարեփոխումները երկրի ներքին կյանքի հրամայականն են: Հրազդանում կայացած հասարակական լսումների ժամանակ նման համոզմունք հայտնեց Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը' ավելացնելով, որ Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը շատ մեծ է և ակնառու:

 

«Կան խնդիրներ, որոնք իրավակիրառ պրակտիկայում չեն հանգեցնում մարդու իրավունքների մաքսիմալ երաշխավորմանը կամ ընձեռում իրավունքների պաշտպանության պատշաճ հնարավորություն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց Կոստանյանը' հավելելով, որ բարեփոխման անհրաժեշտություն է զգում հատկապես կառավարման ձևը:

 

«Ներպետական համակարգում պետք է ներդնել այնպիսի իրավիճակ, որը կառաջացնի կուսակցական-քաղաքական պատասխանատվություն»,- նշեց Կոստանյանը: Անդրադառնալով դատական իշխանություններին'ՀՀ գլխավոր դատախազն ընդգծեց, որ այդ համակարգում նույնպես կան թերություններ, որոնք իրավակիրառ պրակտիկայում հանգեցնում են մարդու իրավունքների պաշտպանության թերացմանը: Այդ առումով, Կոստանյանը կարևորում է անցումը երկաստիճան դատական համակարգին:

 

Դատախազի գնահատմամբ, հարցը հանձնաժողովի քննարկման կենտրոնում է, քանի որ խոսելով դատական համակարգի մասին՝ հանգել են այն եզրակացության, որ երբեմն դատարանակազմության պատճառով արդյունավետ կերպով հնարավոր չի լինում հասնել արդարադատության:

 

Սահմանադրական բարեփոխումների համար ստեղծված հանձնաժողովը մեխանիզմներ է առաջարկում նաև անկախ դատարանների դերի բարձրացման համար: Անաչառ դատարան ունենալու հարցում հանձնաժողովի անդամները կարևորում են արդարադատության խորհրդի դերի բարձրացումը:

 

«Քննարկման առարկա է արդարադատության խորհրդին անկախության երաշխիքներ տալը: Այդ առումով առաջարկվել է որոշակի փոփոխություններ կատարել խորհրդի կազմի կառուցվածքում և լիազորություններում, որոնցով կբարձրացվի դատավորների անկախությունն ու անաչառությունը»,- նշեց Կոստանյանը:

 

Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հանրապետության տարբեր քաղաքներում անցկացվում են հասարակական լսումներ, որոնց մասնակցում են տարբեր ոլորտի և խավի ներկայացուցիչներ: