ՀՀ առողջապահության նախարարությունը արձագանքել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հուլիսի 15-ին հոգեբուժական հաստատությունների վերաբերյալ արված հայտարարությանը: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

 

«Հայտնու մ ենք, որ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մայիսի 18-ին' իր պաշտոնավարման առաջին այցերից մեկի ժամանակ, այցելել է հոգեբուժական հաստատություններ' հաշվի առնելով և քաջ գիտակցելով հրատապ լուծում պահանջող խնդիրները:

 

«Ավան» հոգեկան առողջության և «Նորք» հոգեբուժական կենտրոններում անցկացրած խորհրդակցությունների ընթացքում անձնակազմերի հետ քննարկվել էին առկա բոլոր խնդիրները։ Կենտրոնների տնօրենները ներկայացրել էին, որ հատկացվող սուղ ֆինանսները չեն բավարարում անհրաժեշտ սարքավորումներ և գույք ձեռք բերելուն, ինչպես նաև նվազագույն անհրաժեշտ ծախսերը հոգալուն։

 

Ակնհայտ է, որ հոգեբուժական հաստատություններում առկա է նաև որակյալ կադրերի' հոգեբույժների պակաս:Դրանց արդիականացմանն ուղղված ծրագրերի իրականացումը օրակարգ ային է առողջապահական համակարգում:

 

Նախարարը բժշկական կազմակերպությունների և նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին տվել էր հանձնարարականներ' ֆինանսական միջոցների հայթայթման և խնդիրների լուծման ճանապարհները գտնելու ուղղությամբ: Խիստ կարևորվել են անվտանգության, սննդի, համաճարակային իրավիճակի հարցերը:

 

Ընթացիկ աշխատանքների վերաբերյալ տնօրենները նախարարին հաշվետվություն են ներկայացնում: Ինչ վերաբերում է Օմբուդսմենի մատնանշած' ժամկետնանց դեղորայքին, ապա խնդրում ենք մատնանշել փաստերը, որպեսզի բարձրաձայնված դեպքերը լինեն խիստ առարկայական:

 

Հիշեցնենք, որ Երևանի հոգեբուժական հաստատություններից մեկում տնօրենը, մյուսում' տնօրենի պաշտոնակատարը կարճ ժամանակ առաջ են ստանձնել իրենց պաշտոնները (Վարդենիսի տուն-ինտերնատը գտնվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության ներքո): Պետք է փաստենք, որ երկու ամիսը վերոնշյալ, երկար տարիների ընթացքում կուտակված լուրջ խնդիրների լուծման համար բավարար ժամկետ չէ:

 

Օմբուդսմենի ներկայացուցիչների կատարած այցը կարծում ենք, որ պետք է ուղեկցվեր նաև համապատասխան մանագետների ներկայությամբ, ովքեր կարող էին համատեղ մասնագիտական լիարժեք գնահատական տալ հոգեբուժական ծառայությունների իրավիճակի, այլ հարցերի շուրջ»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Օմբուդսմենի աշխատակազմը հուլիսի 15-ին հայտարարություն էր արել, համաձայն որի, «հոգեբուժական հաստատություններում հիվանդների խնամքը դարձյալ պատշաճ չի կատարվում: Սանիտարահիգիենիկ պայմանները բավարար չեն. հիվանդասենյակներն ու աշխատասենյակները, խոհանոցն ու լվացքատունը անմխիթար և ոչ բարվոք վիճակում են:

 

Հոգեբուժարաններում հայտնաբերվել է ժամկետանց դեղորայք, բացակայում են արդիական հոգեմետ դեղերը: Լինում են դեպքեր, երբ հոգեբուժարանի աշխատակիցները, հիվանդի նկատմամբ ֆիզիկական ուժ գործադրելով, հանգստացնող դեղ են ներարկում մյուս բոլոր հիվ անդների ներկայությամբ»: