Հայաստանի կառավարությունն իր առաջիկա նիստում կքննարկի 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց' իրենց բնակելի տարածքները սեփականաշնորհելու վերաբերյալ նախագիծը: Բնակելի տարածքները գտնվում են Երևանի Մոլդովական 70 հասցեում' հանրակացարանային թիվ 1 մասնաշենքում, Վարդաշեն 6-րդ փողոցի 68, Թբիլիսյան խճ. 5 հասցեների հանրակացարաններում:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանրակացարանների զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ գույքի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը ՀՀ օրենքով սահմանված կարգով կանցնի հանրակացարանների առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:

 

Միևնույն ժամանակ, ներկայացված նախագծով ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին կհանձնարարվի վեցամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել սույն բնակելի տարածքների սեփականաշնորհումը և բնակիչների հետ կնքել նվիրատվության պայմանագրեր՝ դրանում նախատեսելով, որ գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերն իրականացվելու են նվիրառու հանդիսացող բնակիչների կողմից: