Մոսկվայի Մետրոյում տեղի ունեցած վթարից տուժած հայազգի Աննա Բուլղադարյանի առողջական վիճակում, որը գնահատվել էր կայուն ծանր, բժիշկները դրական տեղաշարժ են նկատում: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանության խորհրդական Էդուարդ Ջամբազյանը:

 

«Աննա Բուլղադարյանի վիճակն արդեն անհամեմատ դրական են համարում, բայց միաժամանակ ծանր: Ինչ վերաբերում է Մերի Քոչարյանին' վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Երեկ նրան վիրահատել են, դեռ վաղ է ասել, որ դրական արդյունքներ կան: Պետք է սպասենք, տեսնենք ինչպես կանդրադառնա վիրահատությունը նրա վիճակի վրա»,- ասաց Էդուարդ Ջամբազյանը:

 

Միաժամանակ, ՀՀ դեսպանության խորհրդականը տեղեկացրեց, որ առավել ստույգ տեղեկատվություն կկարողանա հաղորդել ավելի ուշ:

 

Հուլիսի 15-ի առավոտյան Մոսկվայի մետրոյի կապույտ գծի «Պարկ Պոբեդի» եւ «Սլավյանսկի բուլվար» կայարանների միջեւ ընկած ուղեմասում գնացքի երեք վագոններ դուրս են ընկել ռելսերից: Ըստ վերջին տվյալների, զոհվել Է քսան մարդ, եւս գրեթե 130-ը հոսպիտալացվել են:

 

Տուժածների թվում են երկու հայազգի անձիք, ովքեր ունեն Ռուսաստանի քաղաքացիություն: Քոչարյան Մերին, ով 20 տարեկան է, Մոսկվայի հ.67 քաղաքային հիվանդանոց է տեղափոխվել ողնաշարի կոտրվածքով և գլխուղեղի փակ վնասվածքով, իսկ Բուլղադարյան Աննան' 23 տարեկան, Մոսկվայի հ.79 քաղաքային հիվանդանոց է տեղափոխվել աջ ճաճանչոսկրի կոտրվածքով և տրավմատիկ ցնցումով: