ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը եւ հանձնաժողովի անդամ Մհեր Շահգելդյանը հուլիսի 17-ին հանդիպել են Նիդեռլանդների Թագավորության խորհրդարանի պատվիրակությանը՝ Ներկայացուցիչների պալատի պատգամավոր, «Ազատություն եւ ժողովրդավարություն» ժողովրդական կուսակցության ԵՄ հարցերով պատասխանատու Մարկ Ֆերհայենի գլխավորությամբ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, կարեւորվել է երկկողմ հարաբերությունների ակտիվ եւ դինամիկ զարգացումը, ՀՀ-ԵՄ համագործակցության շարունակականությունը, Արեւելյան գործընկերության հետագա հնարավորությունները:

 

Հյուրի խնդրանքով անդրադառնալով Հայաստանի' Մաքսային միությանը եւ Եվրասիական տնտեսական միությանը միանալու որոշումից հետո ՀՀ-ԵՄ հարաբերություններին՝ Արտակ Զաքարյանը նշել է, որ Հայաստանը, ակտիվորեն աշխատելով Եվրասիական տնտեսական միությանը միանալու ուղղությամբ, նաեւ փորձում է շարունակել զարգացնել երկկողմ եւ բազմակողմ համագործակցությունը եվրոպական տարբեր երկրների հետ, այդ թվում՝ Նիդեռլանդների Թագավորության:

 

Պարոն Զաքարյանը նշել է, որ ՌԴ-ն ՀՀ ռազմավարական գործընկերն ու դաշնակից պետությունն է, եւ Հայաստանը շարունակելու է զարգացնել ի ր հարաբերությունները ՌԴ-ի հետ: Նշվել է, որ ՀՀ-ն վարում է հավասարակշռված արտաքին քաղաքականություն' ելնելով տարածաշրջանում առկա բազմաթիվ խնդիրներից եւ անվտանգության ապահովման անհրաժեշտությունից: Այդ համատեքստում ՀՀ-ն կարեւորում է նաեւ համագործակցությունը ԵՄ-ի հետ:

 

Ըստ պարոն Զաքարյանի՝ ՀՀ-ն փորձելու է ապագայում կամրջող դեր ունենալ տնտեսական տարբեր միությունների միջեւ: Խոսելով Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումներից՝ պարոն Զաքարյանը նշել է, որ դրանք բացասաբար են անդրադառնում Արեւելյան գործընկերության, ինչպես նաեւ Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա՝ մեծացնելով լարվածությունը ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում եւ հույս է հայտնել, որ խնդիրը հնարավոր կլինի կարգավորել խաղաղ երկխոսությունների ճանապարհով:

 

ԱԺ պատգամավոր Մհեր Շահգելդյանը իր տեսակետն է ներկայացրել հանդիպման ընթացքում քննարկված հարցերի վերաբերյալ: Նա նաեւ խոսել է հայ-թուրքական հարաբերություններից՝ նշելով, որ Թուրքիայի հետ սահմանի բացման ուղղությամբ ՀՀ կատարած քայլերին Թուրքիան բացասաբար է արձագանքել: