Ադրբեջանի «Ազգային շարժում» կուսակցության նախագահ Սամիր Թուրանը երկրի Նախագահ Իլհամ Ալիեւին եւ այլ պաշտոնական կառույցներին հղած նամակում հրաժարվել է Ադրբեջանի քաղաքացիությունից: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանցի կուսակցապետը հայտնել է mia.az կայքին հղած նամակում:

 

Կայքը նույնությամբ ներկայացրել է Սամիր Թուրանի' Ադրբեջանի քաղաքացիությունից հրաժարվելու դիմումը: Դիմումում փիլիսոփայական գիտությունների դոկտոր, բանաստեղծ-հրապարակախոս, քաղաքական գործիչ եւ Ադրբեջանի ազգային առաջնորդ Հեյդար Ալիեւի զինակից Սամիր Թուրանը Իլհամ Ալիեւին, Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Օքթայ Ասադովին, բոլոր պատգամավորներին եւ մտավորականներին բողոքում է իր կենսական աղետալի վիճակի մասին, որի մեջ հայտնվել է երկրի չինովնիկների կամայականությունների պատճառով:

 

Նա նշում է, որ 40 տարի է' ինչ բնակվում է Բաքվում, սակայն, մինչ օրս ապրում է պատուհան չունեցող վարձու սենյակում: Գրանցված է եղել Բաքվի պետական համալսարանի հանրակացարանում, այն քանդել են, եւ այժմ նա գրանցում չունի: 24 տարի է' որպես երիտասարդ մասնագետ հաշվառված է բնակարան ստանալու ցուցակում, սակայն, ապարդյուն:

 

«Որպես կուսակցության նախագահ, գիտնական, բանաստեղծ-հրապարակախոս եւ, միեւնույն ժամանակ, անտուն, ոչ էլ անգամ մեկ քառ.մ հողատարածք, նույնիսկ գրանցում չունեցող քաղաքացի, հարց եմ տալիս ձեզ, դուք ինձ նման մարդկանցից ինչով եք ավելի, որ Բաքու գալով երեկ, ամեն ինչ ունեք, իսկ մենք' ոչինչ: Այդ ինչ աձնվիրություն ուենք դուք եւ ձեր ազգականները այս ազգի ճանապարհին, որ մարդկանց վերեւից եք նայում: Թե ձեր ունեցվածքը դուք ինչ ճանապարհով եք ձեռք բերել, գիտեն բոլորը, չիմանան էլ' ես լավ գիտեմ:

 

Բաքվի քաղաքապետարանի չինովնիկ Ռասիմ Գուլիեւի հետ իմ տարբերություն ն այն է, որ Հեյդար Ալիեւին իմ կուսակցության հետ միասին պաշտպանելու ժամանակ, երբ ես Գյանջաբասարի գոտու գծով լիազոր պատասխանատու էի եւ անքուն գիշերներ էի անցկացնում կենտրոնական շտաբում, նա զբաղված էր տուն-տեղ շինելով, հողատարածքներ գնելով, փող դիզելով:

 

Այժմ այն բանում ինձ փնովողները, թե ես ոչինչ ձեռք չեմ բերել, թող իմանան, որ կան իրենց շահերից ելնելով իշխանությանը պաշտպանողներ էլ եւ , պետությանը, ազգին եւ իշխանությանն անվարձահատույց նվիրյալներ էլ: Թող անհամեստություն չլինի, բայց ես այս ազգի, պետության ճանապարհին իմ անձնվեր գործունեությամբ եւ ստեղծածովս շարքային մարդ չեմ, եւ եթե իմ նկատմամբ չինովնիկներն այսպես են վարվում, ապա Ալլահը գիտի, թե նրանք ինչեր են անում շարքային քաղաքացիների նկատմամբ:

 

Նման իրավիճակում, թույլ չտալով ոտնահարել իմ բարոյականությունը, խիղճը եւ ազգային նվիրվածությունը, ի բողոք չինովնիկական կամայականության, դիմում եմ Նախագահ Իլհամ Ալիեւին, որ որոշել եմ հրաժարվել Ադրբեջանի քաղաքացիությունից:

 

Ազգային շարժում կուսակցության նախագահ,

 

փիլիոսափայության դոկտոր, բանաստեղծ-հրապարակոս,

 

գործազուրկ, անտուն, նույնիսկ գրանցում չունեցող Ադրբեջանի քաղաքացի», -նամակն ավարտում է ադրբեջանցի կուսակցապետը: