ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հուլիսի 18-ին Նյու Յորքի ժամանակով ժամը 10:00-ին (Երեւանի ժամանակով' ժամը 18:00-ին) արտակարգ հանդիպում կանցկացնի Ուկրաինայի իրադրության շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել են Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցչությունում, որը պահանջել է ԱԽ-ի նիստ գումարել:

 

«Մենք ստացել ենք այն բանի հաստատումը, որ հանդիպումը կկայանա հուլիսի 18-ին' առավոտյան ժամը 10-ին, եւ կլինի բաց»,- ասել է մշտական ներկայացուցչության մամուլի կցորդ Դայանա Սանտանան: Նրա խոսքով' սպասվում է, որ Ուկրաինայի իրադրության վերաբերյալ հաշվետվությամբ հանդես կգա ՄԱԿ-ի գլխավոր քրատուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆրի Ֆելթմանը:

 

Ենթադրվում է, որ նիստում քննարկման գլխավոր թեման կլինի հուլիսի 17-ին Ուկրաինայում «Մալայզիայի ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռի կործանումը:

 

Ուկրաինայի իշխանությունները եւ երկրի արեւելքում գործող աշխարհազորայինները ժխտում են իրենց մասնակցությունն ինքնաթիռի կործանմանը:

 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միջադեպի համար պատասխանատվություն է կրում Ուկրաինան, քանի որ այն տեղի է ունեցել նրա տարածքում: «Այդ ողբերգությունը տեղի չէր ունենա, եթե ուկրաինական հողում խաղաղություն լիներ, չվերսկսվեին մարտական գործողություններն Ուկրաինայի հարավ-արեւելքում»,- ասել է պետության ղեկավարը:

 

Իր հերթին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հանդես է եկել ավիաաղետի միջազգային փորձաքննություն անցկացնելու օգտին: Կազմակերպության վարչական ղեկավարը հայտնել է, որ ուշադիր հետեւում է իրադրության զարգացմանը, ինչպես նաեւ ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին:

 

Ինքնաթիռը տեղական ժամանակով ժամը 18:00-ին ընկել է Ուկրաինայի Դոնեցկի մարզի Սնեժնոյե բնակավայրի մերձակայքում: Ավիափոխադրողի ճշտված տվյալների համաձայն' աղետի հետեւանքով զոհվել են օդանավում գտնվող բոլոր 283 ուղեւորները եւ անձնակազմի 15 անդամները: Ինքնաթիռում եղել են Նիդեռլանդների 154 քաղաքացիներ, 27 ավստրալացիներ, 23 մալայզիացիներ, 11 ինդոնեզացիներ, 6 բրիտանացիներ, չորսական քաղաքացիներ Գերմանիայից եւ Բելգիայից, երեք ֆիլիպինցիներ եւ մեկ կանադացի: Մնացածների քաղաքացիական պատկանելությունը հայտնի չէ: