Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Ճամբարակ քաղաքի բնակչությունն այս օրերին ապրում է իր առօրյա զբաղմունքով եւ վաստակով ու որեւէ խուճապային տրամադրությունների մեջ չի գտնվում, թեեւ օրեր առաջ հակառակորդը մարտական հենակետից կրակոցներ է արձակել քաղաքի տների վրա, եւ, միաժամանակ, լուրեր են տարածվել տարածքում ադրբեջանցի դիվերսանտների ձերբակալման մասին:


«Արմենպրես»-ի հետ զրույցում Ճամբարակի քաղաքապետ Յուրա Ավալյանը նաեւ նշեց, որ ճամբարակցիները պատերազմ տեսած ժողովուրդ են, եւ նրանց խուճապի մատնելն այդքան էլ հեշտ գործ չէ: «Այդ կրակոցները եղել են հաճախակի: Հակառակորդի մի դիրքը բարձր է մերոնց դիրքից, եւ նրանք հեռահար զենքերից երբեմն կրակում են: Բարեբախտաբար, առայժմ դրանք վիրավորվելու դեպքերի կամ զոհերի չեն հանգեցրել:

 

Ինչ վերաբերում է քաղաքում կամ վարչական նախկին շրջանում իբրեւ թե ձերբակալված դիվերսանտներին, ապա այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում եւ առանձին մարդկանց երեւակայության արդյունք են: Սահմանների վրա իրավիճակը վերահսկվում է, իսկ մարդիկ զբաղված են իրենց դաշտային կամ առօրյա այլ աշխատանքներով»- նշեց քաղաքապետը:

 

Խոսրով Խլղաթյան