Հայ-ռուսական կազմակերպությունները համակարգող խորհուրդը հայազգի գործարար եւ բարերար Լեւոն Հայրապետյանի ազատազրկման հետ կապված հանդես է եկել հայտարարությամբ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է գործարարի facebook-յան պաշտոնական էջից, հայտարարության մեջ ասված է, որ տարիներ շարունակ Հայրապետյանը հանդիսանում է խոշոր մեկենաս, ում աջակցությամբ զարգանում եւ ամրապնդվում է հայկական համայնքը, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունները:

 

«Նրա շնորհիվ հարյուրավոր մարդիկ աշխատանք են գտել, նա ամենաակտիվ ջանքերն է գործադրել ՌԴ տնտեսության զարգացման համար եւ բազմաթիվ ներդրողների հրավիրել Ռուսաստան: Հայրապետյանի լայնածավալ հասարակական գործունեությունը նպաստում է հայ-ռուսական դարավոր բարեկամության ամրապնդմանը: Նա շատ մեծ դեր է խաղում Հայաստանում եւ ԼՂՀ-ում ռուսական մշակույթի պրոպագանդայի հարցում: Բացի այդ, Լեւոն Հայրապետյանը հանդիսանում է Հայաստանի' Եվրասիական միության անդամակցության ամենակտիվ ջատագովներից մեկը: Հենց նրա ազդեցության շնորհիվ է, որ ինտեգրացիոն ճանապարհին առկա բազմաթիվ խոչընդոտներ վերացել են: Լեւոն Հայրապետյանը հանդիսանում է խոշոր միջազգային լոբբիստ, որ պայքարում է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման համար: Ունենալով լայն կապեր ամբողջ աշխարհում, նա միշտ առաջ է տարել հայ ժողովրդի շահը, սակայն երբեք չի վնասել Ռուսաստանի կամ որեւէ այլ երրորդ երկրի շահերին»,- ասված է հայտարարության մեջ:

 

Համակարգող խորհուրդը կոչ է արել Ռուսաստանի դատական եւ իրավապահ մարմիններին, գործի ընթացքում հաշվի առնել նաեւ օրենքով տրված մարդասիրական վերբերմունքը նման արժանավոր մարդու հանդեպ: «Լեւոն Հայրապետյանը լուրջ հիվանդ է, նա առաջին կարգի հաշմանդամ է, վերջերս է ծանր վիրահատություն տարել Գերմանիայում եւ նրա կյանքն ու առողջությունը վտանգված են»,- ասված է խորհրդի հաղորդագրությունում:

 

Ի աջակցություն Լեւոն Հայրապետյանի ելույթ է ունեցել նաեւ Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, ով հավաստիացևրել է, որ Հայրապետյանը հանցավոր ոչինչ չի կատարել: Աբրահամյանի խոսքով, Հայրապետյանի գործն իրենց ուշադրության կենտրոնում է եւ նրանք անընդհատ կապ են հաստատում, թե իրավապահ մարմինների, թե Հայրապետյանի փաստաբանի հետ: Աբրահամյանը նշել է, որ իրենք վստահ են' Հայրապետյանն անմեղ է, սակայն գործի քննության համար կպահանջվի ժամանակ, որպեսզի ուսումանսիրվեն բոլոր փաստերը:

 

Հուլիսի 19-ին էլ ԼՂՀ Վանք գյուղի 1005 բնակիչներ բաց նամակ են հղել հայազգի գործարար եւ բարերար Լեւոն Հայրապետյանին: նակիչները գրել են, որ Հայրապետյանի կալանավորուըմը խորապես ցնցել է Արցախի բնակչությանը: Նրանք Հայրապետյանին մաղթել են առողջություն եւ տոկոնություն եւ հավաստիացրել է, որ գյուղի բնակիչներն իր հետ են:

 

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության Դաշնային ծառայությունը հուլիսի 15-ին, «Դոմոդեդովո» օդանավակայանում, Մոնակոյից վերադառնալուց ձերբակալել է Լեւոն Հայրապետյանին: Նույն օրը երեկոյան Հայրապետյանի գրասենյակում կատարված խուզարկության ժամանակ առգրավվել են երկու տուփ փաթեթավորված փամփուշտներ: Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն Մոսկվայի Բասմանյան դատարան հայազգի գործարար Լևոն Հայրապետյանին կալանավորելու մասին միջնորդություն էր ներկայացրել: Հայազգի գործարար Լեւոն Հայրապետյանին ձերբակալել են Սերգեյ Ֆինասգինի ղեկավարած «Կինգիսեպի» հանցախմբի գործի շրջանակում: Կինգիսեպը Սանկտ Պետերբուրգի մոտակայքում գտնվող բնակավայրի անուն է:

 

Նախաքննական մարմինը կասկածներ ունի, որ Հայրապետյանը կապ ունի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Ֆինագինի ղեկավարած այս խմբավորման հետ, ինչի մասին հայտարարել է բազմաթիվ ծանր հացագործությունների համար ցմահ ազատազրկման դատապարտված նախկին նահանգապետ Իգոր Իզմեստևը: Իրավապահները լրատվամիջոցներին հայտնել են, որ Լևոն Հայրապետյանը, սակայն, կապ չունի այս խմբավորման կողմից իրականացված սպանությունների հետ: Հայրապետյանը կասկածվում է հանցավոր միջոցներով ստացված եկամուտների օրինականացման և փողերի լվացման մեջ:

 

Ըստ նախաքննության, հանցագործությունն իրականացվել է 2008-ին «ԱՖԿ Սիստեմա»-ին «Բաշնեֆթ»-ի վաճառքի գործարքի ժամանակ, որում ներգրավված է եղել նաև Հայրապետյանը: Նշվում է, որ Հայրապետյանն այդ գործարքից խոշոր չափի գումար է ստացել: Վերոնշյալ մեղադրանքները Հայրապետյանը չի ընդունում, իսկ նրա փաստաբանն արդեն բողոքարկել է. Դատարանը դեռեւս բողոքարկման վերաբերյալ որոշում չի կայացրել: