«Արի տուն» հայրենաճանաչողության ծրագրի 5-րդ փուլի շրջանակում հայրենիք են ժամանել 185 պատանիներ և աղջիկներ 12 երկրից: ՀՀ սփյուռքի նախարարությունում «Արի տուն»-ականներին դիմավորեց նախարար Հրանուշ Հակոբյանը:


Նախարարը ողջունեց առաջին անգամ Հայաստանում գտնվող սփյուռքահայ դեռահասներին:

 

Նախարարը սփյուռքահայ պատանիներին ու աղջիկներին հորդորեց լինել խելացի, լավ դրսևորել իրենց, հոգս չպատճառել հյուրընկալող ընտանիքներին ու քաղել ամենալավը ծրագրից: «Ուզում եմ, որ շատ հաճելի օրեր անցկացնեք Հայաստանում, եւ ամեն մեկդ իր շնորհքը կարողանա ցուցադրել, ու մյուսները ձեզանից սովորեն: Խնդրում ու պահանջում եմ նաև, որ սովորեք մայրենին ու միմյանց հետ խոսեք միայն հայերեն»,-ասաց Հրանուշ Հակոբյանը:

 

Նախարարի խոսքով, պետք է առաջնորդվել հետևյալ մտքով. «Ես հայ եմ ու պետք է խոսեմ հայերեն, կարևոր չէ' ես գիտեմ անգլերեն, շվեդերեն, արաբերեն, ռուսերեն, թե այլ լեզու, բայց ես պետք է խոսեմ հայերեն»:

 

Նախարար Հակոբյանը շնորհակալություն հայտնեց հյուրընկալ ընտանիքների անդամներին, ովքեր առանց շահի, կամավորության սկզբունքով բացել են դռներն ու իրենց հարկի տակ ընդունել երեխաներին: «Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր Երևանի ու հարակից տարածքների համայնքների ղեկավարներին, ովքեր ամեն ինչ անում են ընտանքիներ գտնելու, ձեր հանգիստն առավել հաճելի դարձնելու համար»,-շեշտեց Հրանուշ Հակոբյանը' կոչ անելով պահպանել Հայաստանում ձեռք բերած կապերն ու բարեկամությունը շարունակական դարձնել:

 

«Արի տան» շրջանակներում ավանդական դարձած շապիկ հագցնելու արարողությունը ևս կատարվեց: Այս անգամ այդ պատվին արժանացավ ռուսաստանաբնակ 13-ամյա Արման Ստեփանյանը:

 

«Արի տուն» ծրագրի շրջանակում Հայաստան ժամանած շնորհալի պատանիները նախարարին ու մյուս ներկաներին նվիրեցին ասմունքային, երաժշտական ու պարային կատարումներ: Միջոցառումն ուղեկցվեց երեխաների ուրախ երգ ու պարով և ավարտվեց «Էրեբունի- Երևան» կատարմամբ:

 

Հրանուշ Հակոբյանը սփյուռքահայ երեխաներին հրավիրեց հուլիսի 22-ին ներկա լինել «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմի դիտմանը: