Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի քննարկումներն այսօր շարունակվեցին Իջևանում: Մարզպետարանի դահլիճում ներկա գտնվողներից մեկը հարց ուղղեց նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներին, թե արդյո՞ք իշխանությունները պատրաստ են նրան, որ հանկարծ հանրաքվեն ձախողվի և այդ դեպքում, որոնք կլինեն իշխանության քայլերը:

 

«Մենք ամեն ինչի պատրաստ ենք»,- ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբական վարչության պետ, նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գրիգոր Մուրադյանը և հավելեց. «Եթե դեմ քվեարկեն՝ կմշակվեն նոր մոտեցումներ կամ որոշակի ժամանակահատվածով այդ սահմանադրական բարեփոխումների ընթացակարգը կկանգնեցվի, որովհետև արդեն առաջիկայում կլինեն համապետական ընտրություններ, և համապետական ընտրություններում մեծամասնություն ունեցող կուսակցություններն արդեն կորոշեն իրենց համար՝ ինչ են անելու:

 

Բայց մենք լիահույս ենք, որ այս հանրաքվեն չի ձախողվի, իհարկե դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու, որպեսզի այս հույսն արմատավորվի և ունենա իրատեսակ հիմքեր»: