ՀՀ ոստիկանությունը պարզաբանել է համացանցում տարածված տեղեկատվության այն մասին, թե իբր Անձնագրային և վիզաների վարչությունն այցելուների համար որոշակի անհարմարություններ են ստեղծել' կապված վարչությունում վճարային տերմինալների սակավության հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության տարածած պարզաբանման մեջ ասված է.

 

«Համացանցում տեղեկատվություն է տարածվել, թե իբր Անձնագրային և վիզաների վարչությունն այցելուների համար անհարմարություններ է ստեղծել, մասնավորապես, վարչության առաջին հարկում տեղադրվել է ընդամենը մեկ վճարային տերմինալ, որը հերթերի և կուտակումների պատճառ է դառնում:

 

Տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում: Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության վարչական շենքում տեղադրված է վճարումներ կատարելու համար նախատեսված 2 տերմինալ' 1-ին և 3-րդ հարկերում:

 

Բացի այդ, հնարավոր սխալներից խուսափելու և անհարկի հերթեր չառաջանալու համար անձնագրային և վիզաների վարչության ղեկավարության պահանջով վճարային տերմինալներ սպասարկող կազմակերպության կողմից նշանակվել են պատասխանատուներ, ովքեր կազմակերպում են համապատասխան վճարումների մուտքագրումները:

 

ՀՀ ոստիկանությունը բազմիցս պարզաբանել է, որ անձնագրային գործողությունների համար գանձվող վճարները քաղաքացիները կարող են կատարել ինչպես տեղում՝ վճարային տերմինալների միջոցով, այնպես և բանկերում կամ այլ ֆինանսական կազմակերպություններում»: