Հայազգի գործարար եւ բարերար, փողերի լվացման մեղադրանքով Մոսկվայում կալանավորված Լևոն Հայրապետյանին այցելել է նրա դուստրը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Լևոն Հայրապետյանի վստահված անձ և ընկեր Մացակ Փոլադյանն ասաց, որ ամենայն հավանականությամբ մեկ ժամից աղջիկը դուրս կգա հոր մոտից եւ իրենք այդ ժամանակ տեղեկություն կունենան Հայրապետյանի առողջական վիճակի վերաբերյալ:

 

«Իրավապահները թույլ տվեցին աղջկան հանդիպել Լեւոնին: Այժմ նա տեսակցության է եւ նոր տեղեկություններ կունենանք գործի եւ նրա առողջականի վերաբերյալ տեսակցությունից հետո»,- ասաց Լեւոն Հայրապետյանը:

 

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության Դաշնային ծառայությունը հուլիսի 15-ին, «Դոմոդեդովո» օդանավակայանում, Մոնակոյից վերադառնալուց ձերբակալել է Լեւոն Հայրապետյանին: Նույն օրը երեկոյան Հայրապետյանի գրասենյակում կատարված խուզարկության ժամանակ առգրավվել են երկու տուփ փաթեթավորված փամփուշտներ: Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն Մոսկվայի Բասմանի դատարան հայազգի գործարար Լևոն Հայրապետյանին կալանավորելու մասին միջնորդություն էր ներկայացրել: Հայազգի գործարար Լեւոն Հայրապետյանին ձերբակալել են Սերգեյ Ֆինասգինի ղեկավարած «Կինգիսեպի» հանցախմբի գործի շրջանակում:

 

Կինգիսեպը Սանկտ Պետերբուրգի մոտակայքում գտնվող բնակավայրի անուն է: Նախաքննական մարմինը կասկածներ ունի, որ Հայրապետյանը կապ ունի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Ֆինագինի ղեկավարած այս խմբավորման հետ, ինչի մասին հայտարարել է բազմաթիվ ծանր հացագործությունների համար ցմահ ազատազրկման դատապարտված նախկին նահանգապետ Իգոր Իզմեստևը: Իրավապահները լրատվամիջոցներին հայտնել են, որ Լևոն Հայրապետյանը, սակայն, կապ չունի այս խմբավորման կողմից իրականացված սպանությունների հետ:

 

Հայրապետյանը կասկա ծվում է հանցավոր միջոցներով ստացված եկամուտների օրինականացման և փողերի լվացման մեջ: Ըստ նախաքննության, հանցագործությունն իրականացվել է 2008-ին «ԱՖԿ Սիստեմա»-ին «Բաշնեֆթ»-ի վաճառքի գործարքի ժամանակ, որում ներգրավված է եղել նաև Հայրապետյանը: Նշվում է, որ Հայրապետյանն այդ գործարքից խոշոր չափի գումար է ստացել: Վերոնշյալ մեղադրանքները Հայրապետյանը չի ընդունում, իսկ նրա փաստաբանն արդեն բողոքարկել է. Դատարանը դեռեւս բողոքարկման վերաբերյալ որոշում չի կայացրել:

 

Ամենայն հավանականությամբ հուլիսի 25-ին դատարանը պաշտոնական մեղադրանք կառաջադրի Հայրապետյանին: Մինչ այդ Ռուսաստանում գործող մի շարք հայկական կազմակերպություններ իրենց աջակցությունն են հայտնել գործարարին, իսկ Վանք գյուղի բնակիչները ստորագրահավաք են կազմակերպել ի պաշտպանություն Լեւոն Հայրապետյանի: