Անկախ հանգամանքից, որ Հայաստանն ու Ուկրաինան ընտրել են ինտեգրացիոն տարբեր ուղղություններ և գտնվելու են տնտեսական տարբեր կառույցներում, երկու երկրներն էլ ոգևորված են տարբեր ոլորտներում համագործակցության շարունակմամբ և խորացված: Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտայի գնահատմամբ, քանի որ երկու երկրների միջև առկա է տնտեսական լուրջ հարաբերություն և հետաքրքրությունների մեծ շրջանակ, ապա ամենայն հավանականությամբ, հոկտեմբերին Երևանում կկայանա միջկառավարական համաժողով, որի ընթացքում կողմերը մանրամասն կքննարկեն տնտեսական համագործակցությունը:

 

«Հայաստանը կանդամակցի Եվրասիական տնտեսական միությանը, իսկ Ուկրաինան շուտով կվավերացնի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը: Սակայն դա չի խանգարի որպեսզի հայ-ուկրաինական տնտեսական հարաբերությունները զարգանան, քանի որ առկա է երկուստեք հետաքրքրություն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց Իվան Կուխտան՝ հավելելով, որ Հայաստանն Ուկրաինա է արտահանում հիմնականում կոնյակ և միրգ՝ հատկապես ծիրան, իսկ Ուկրաինայից Հայաստան է ներմուծվում կաթի փոշի, ձեթ, մետաղյա իրեր, քաղցրավենիք:

 

Ուկրաինան ստորագրել է Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը թե′ քաղաքական, թե′ տնտեսական մասով, ինչը ենթադրում է, որ Ուկրաինան ԵՄ-ի հետ կարող է Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի շրջանակներում իրականացնել առևտուր զրոյացված կամ չնչին մաքսատուրքերով: Հայաստանն ընտրել է ինտեգրացիոն այլ ուղղություն և շուտով կանդամակցի Եվրասիական տնտեսական միությանը, որի կազմում են Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: