«Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ, հունիսի 25-ից Տիգրանակերտի հնագիտական արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր Համլետ Պետրոսյանի գլխավորությամբ վերսկսվել են Արցախի Տիգրանակերտի պեղումները: Հնագիտական աշխատանքներն ընթանում են երեք հիմնական տեղամասերում' Ամրացված թաղամասի հյուսիսային պարսպապատ, Անտիկ առաջին թաղամաս և Վաղքրիստոնեական հրապարակի հյուսիսային բակ: Պեղման ներկա մակերեսը կազմում է մոտ 500 քառակուսի մետր, միջին խորությունը' 2,5 մետր:

 

Տիգրանակերտում արդեն արձանագրվել է առաջին ու ամենակարևոր հայտնագործությունը, որը նորաբաց երկրորդ եկեղեցու արևելյան խորանի տակ պեղվող վաղ քրիստոնեական դամբարանն է: Այն ունի արևմուտք-արևելք ուղղվածություն, համարյա քառակուսի դամբանասրահ, թաղակապ ծածկ, հյուսիսային և հարավային պատերի մեջ ներկառուցված են մասունքները տեղադրելու հատուկ երկայնական խորշեր: Ողջ կառույցն իրականացված է սրբատաշ մեծ բլոկներով՝ ամուր կրաշաղախի օգնությամբ: Հուշարձանը թերևս Աղցքի արքայական դամբարանի և Ամարասի Գրիգորիսի դամբարանից հետո նման լավ պահպանված երրորդ կառույցն է հայ' վաղքրիստոնեական մշակույթում: Պեղումների արդյունքները հնարավոր կդարձնեն վավերացնել այս տիպի կառույցի մի նոր հորինվածք, ինչպես նաև փաստագրել և պատմական իրական հիմքերի վրա դնել 5-րդ դարի երկրորդ կեսի Հայաղվանքի արքա Վաչագան Բարեպաշտի կրոնական ռեֆորմի իրական ընթացքն ու մանրամասները:

 

Կարևորելով դամբարանի հայտնաբերումը' ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչությունը քննարկում է նորահայտ հուշարձանի ամրակայման և կոնսերվացման աշխատանքների հնարավորությունը: