Հայազգի գործարար եւ բարերար, Մոսկվայում ձերբակալված Լևոն Հայրապետյանի առողջական վիճակը վատ է: Փաստաբաններն աշխատում են խափանման միջոցը տնային կալանքի փոխելու, նրան ավելի լավ հիվանդանոց տեղափոխելու ուղղությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնեց այժմ Ռուսաստանի Դաշնությունում գտնվող իրավաբան Արթուր Սաֆարյանը:

 

«Միջնորդություն է ներկայացվել խափանման մի ջոցը տնային կալանքի փոխելու վերաբերյալ, բայց դա քիչ հավանական է: Բացի այդ, բանակցություններ են տարվում Հայրապետյանին հսկիչների ներկայությամբ հիվանդանոց տեղափոխելու ուղղությամբ»,- լրագրողների հետ հանդիպմանը հեռախոսակապով ասաց նա:

 

Իրավաբանի խոսքով' Հայրապետյանի ձերբակալությունը իրականացվել է օրենքի խախտումով, քանզի գործարարն տառապում է այնպիսի հիվանդություններով, որոնք Ռուսաստանի գործող օրենքի համաձայն' ընդգրկված են հիվանդությունների ցանկում, որոնց պարագայում արգելվում է կալանքը: Սակայն դատարանը հաշվի չի առել այդ հանգամանքը:

 

Ասուլիսին ներկա էր նաև «Նաիրի» բժշկական կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Հենրիկ Բակունցը, ով տեղեկություն հաղորդեց Հայրապետյանի ընդհանուր առողջական վիճակի մասին: Ըստ նրա' Հայրապետյանը տառապում է սիրտ-անոթային, ծանր աստիճանի շաքարային դիաբետ հիվանդությունով և տարեկան մեկ-երկու անգամ լուրջ բուժման կարիք ունի, իսկ բանտային պայմանները նման հիվանդների համար շատ վտանգավոր են:

 

Բակունցը նաև հայտնեց, որ Հայրապետյանի առողջության հետ կապված բոլոր նյութերն ուղարկել է ՌԴ և դրանք արդեն դատարանում են:

 

Հուլիսի 15-ին Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայությունը ձերբակալել է հայ գործարար Լևոն Հայրապետյանին, ով մեծ ավանդ ունի Լեռնային Ղարաբաղում տնտեսության զարգացման և բանակաշինության գործում: Այնուհետև Մոսկվայի Բասմանյան դատարանը, հիմք ընդունելով ՌԴ քննչական կոմիտեի միջնորդությունը, կալանավորել է Հայրապետյանին:

 

Հայրապետյանը կասկածվում է հանցավոր միջոցներով ստացված եկամուտների օրինականացման և փողերի լվացման մեջ: Ըստ նախաքննության, հանցագործությունն իրականացվել է 2008-ին, «ԱՖԿ Սիստեմա»-ին «Բաշնեֆթ»-ի վաճառքի մասին գործարքի ժամանակ, որում ներգրավված է եղել նաև Հայրապետյանը: Նշվում է, որ Հայրապետյանն այդ գործարքից խոշոր չափի գումար է ստացել:

 

Վերոնշյալ մեղադրանքները հայ գործարարը չի ընդունում, իսկ նրա փաստաբանն արդեն բողոքարկել է կալանքի որոշումը: Դատարանը դեռևս բողոքարկման վերաբերյալ որոշում չի կայացրել: Ամենայն հավանականությամբ, հուլիսի 25-ին դատարանը պաշտոնական մեղադրանք կառաջադրի Հայրապետյանին: Մինչ այդ Ռուսաստանում գործող մի շարք հայկական կազմակերպություններ իրենց աջակցությունն են հայտնել գործարարին, իսկ Վանք գյուղի բնակիչները ստորագրահավաք են կազմակերպել ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի: