Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն աշխատանքային այցի շրջանակներում հանդիպեց համայնքի ղեկավարի, ավագանու եւ նորաստեղծ գյուղատնտեսական արտադրական կոոպերատիվի անդամների հետ, առաջարկեց համայնքի ներսում արտադրվող կաթը միջնորդներին կամ մթերող կազմակերպություններին չվաճառել գործող շուկայական գներից էժան գներով, երբ տեղեկացավ, որ գյուղացիները կաթը մթերողներին հանձնում են կիլոգր ամը 140 դրամով:

 

«Ձեզ մոտիկ Ակունք գյուղում ես տեղեկացա, որ տեղի կաթի վերամշակման գործարանը շրջակա համայնքերի անասնապահական տնտեսություններից կաթը մթերում է 160 դրամով: Մեկ լիտր կաթի մեջ քսան դրամ գումար կորցնելը պատկառելի թիվ է կազմում արտադրողի համար: Դուք այլընտրանք ունեք արդեն եւ հանգիստ կարող եք մերժել այն մթերողներին, ովքեր կաթը փորձում են գնել ավելի էժան գներով:

 

Ուստի, առաջարկում եմ գտնել այն կազմակերպություններին, ովքեր համեմատաբար բարձր գներով կգնեն ձեր արտադրանքը, թեկուզ հենց հարեւան Ակունքում: Հիմա բոլոր խոշոր մթերողներ ն էլ կաթի մեծ ծավալներ մթերելու կարիք ունեն, անհոգ եղեք եւ մի թույլ տվեք նրանց' ձեզ էժան գին թելադրել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' շեշտեց Սերգո Կարապետյանը: Գյուղացիներն էլ խնդրեցին գյուղնախարարին' աջակցել իրենց տեղում գյուղմթերքների վերամշակման հնարավորություն ստեղծելու համար, որի դեպքում արդեն վերամշակված մթերքը շատ ավելի բարձր եւ շահեկան գին կունենա:

Խոսրով Խլղաթյան