Արարատի մարզի տարածքի գործատուների մոտ զբաղվածների ընդհանուր թիվը կազմում է 98238 մարդ. պետական հատվածում' 20957, ոչ պետական հատվածում' 77057 և հասարակական կազմակերպություններում' 224: Ըստ ոլորտների նրանք բաշխված են հետևյալ կերպ. գյուղատնտեսության ոլորտ' 60286, արդյունաբերություն' 17152, շինարարություն' 1448, տրանսպորտ և կապ' 413, առևտուր և հանրային սնունդ' 3652, կրթության, արվեստի և մշակույթի ոլորտ' 8009 մարդ և այլն:

 

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության Արտաշատի զբաղվածության մարզային կենտրոնի տնօրեն Վաչիկ Ավետիսյանը, Արարատի մարզը, լինելով գյուղատնտեսության նշանակության մշակաբույսերի հարուստ բերքատվությամբ մարզ, կարողանում է սեզոնի հետ կապված ոլորտի աշխատանքների կազմակերպման ժամանակ զգալի զբաղվածություն ապահովել: Նոր աշխատատեղեր են բացվում գյուղատնտեսական մթերքների վերամշակման արտադրությունում' ընդգրկելով նաև գինու, կոնյակի, պահածոների, չրի արտադրությունը, որոնցով սովորաբար հետաքրքրվում են արտերկրի մեր գործընկերները: Սակայն, կենտրոնի տնօրենն ընդգծեց, որ զբաղվածության նման ժամանակավոր կարգավորումը' պայմանավորված սեզոնով, դեռ բավարար արդյունք չէ, անհրաժեշտ է կարողանալ նաև արդյունաբերության զարգացման ուղղությամբ նույնպես նոր քայլեր ձեռնարկել, նպաստել նաև գիտության, մշակույթի և տնտեսական կապերի հաստատմանը արտերկրի գործընկերների հետ, որը հետևողականորեն իրականացնում է Արարատի մարզպետարանի աշխատակազմի հատկապես զարգացման ծրագրերի վերլուծության բաժինը:

 

Ավետիսյանի փոխանցմամբ, ըստ մարզպետարանից ստացված տեղեկությունների, Մասիսի տարածաշրջանի Զորակ համայնքի կոշիկի արտադրամասում այս տարվա վեց ամսվա ընթացքում աշխատանքի է ընդունվել երկու մարդ, Մասիսի կահույքի և փայտամշակման արտադրությունում' երեք մարդ, Արտաշատում կառուցվող մեծածախ առևտրի կենտրոնի կառուցապատման աշխատանքներում' ևս հինգ մարդ: Վեդիի «Մանան Սթոուն» քարի վերամշակման արտադրությունում նոր հոսքագիծ տեղադրելուց հետո կրկին բացվել է երկու, «Արվիկա-կլասիկ» ՍՊԸ-ում' երկու, «Մոլորակ» ժամանցի կենտրոնում' չորս նոր աշխատատեղ: Նոր աշխատատեղեր են բացվել նաև կապված սեզոնի հետ. «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ում' 25, Արտաշատի գ/կ գործարանում և Դալարի գինու գործարանում' 9-ական, Քաղցրաշենի գինու գործարանում' 10, Մխչյանի «Արտաշատ Վինկոմ» ՍՊԸ-ում' ութ: