Այս տարվա վեց ամսվա ընթացքում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության ստորաբաժանումները արտակարգ դեպքերի հետևանքների վերացման համար իրականացրել են 316 ելք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դրանց թիվը նվազել է 15-ով: Մարզում հիշյալ ժամանակահատվածում գրանցված 219 տեխնածին բնույթի արտակարգ դեպքերից 132-ը հրդեհի դեպքերն են: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արարատի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Մուրադ Մարգարյանը, նկատելի է, որ այս տարի հրդեհների դեպքերը մարզում աճել են 50-ով: Դրանք տեղի են ունեցել քաղաքացիներին պատկանող տարածքներում, հողամասերում' այրվել են չոր խոտ, ցորենի հնձած արտեր և անասնակեր:

 

Հրդեհների հետևանքով հաշվետու ժամանակահատվածում զոհվել է մեկ և վիրավորվել երկու մարդ:

 

2014 թվականի առաջին կիսամյակում գրանցվել է հրդեհների առաջացման վերաբերյալ 134 ահազանգ, որոնցից երկուսը կեղծ կանչեր են եղել:

 

Մարզում հրդեհներից առաջացած նյութական վնասը կազմել է 161245555 դրամ: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում հրդեհների հասցրած վնասը կազմել է 19752800 դրամ: