Իսրայելի հարձակման հետևանքով պաղեստինցիների տված զոհերի թիվը Գազայի հատվածում արդեն հասել է 651-ի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, նրանց թվում 161-ը երեխաներ են, 66-ը՝ կանայք:

 

Վիրավորների թիվը կազմել է 4040: Իսրայելական օդուժը հուլիսի 23-ին ռմբակոծել է Գազայի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի ազգային բանակի և փոստատան շենքը, ինչպես նաև Բեյթ Հանունի Աբդ բն Աբդ ալ Ազիզ մզկիթը, Զեյթուն թաղամասը, որը գտնվում է Գազա քաղաքի արևելքում, Խան Յունիս քաղաքի Ումուր շրջանը: Խազաա գյուղում 18 մարդ է զոհվել, կան 120 վիրավորներ:

 

Իսրայելական բանակն այսօր հայտարարել է իր երկու զինվորների զոհվելու մասին: Միևնույն ժամանակ ավելի քան 150 վիրավոր զինվորներ համապատասխան բուժում են ստանում Իսրայելի հիվանդանոցներում: Նրանցից 7-ի վիճակը ծանր է: Ռազմական գործողությունների 16 օրվա ընթացքում իսրայելական քաղաքների ռմբակոծության հետևանքով 29 զինծառայողներ և 2 քաղաքացիներ են զոհվել, ավելի քան 400-ը վիրավորվել է:

 

Նախօրեին Իսրայելի ուղղությամբ արձակվել է ավելի քան 90 հրթիռ: Իսկ 16 օրվա ընթացքում արձակված հրթիռների թիվը կազմել է 2100: