Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանն աշխատանքային այցով եղել է մարզի Աղավնաձոր և Մարմարիկ համայնքներում: Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին Կոտայքի մարզպետարանից, Աղավնաձորում մարզպետը հանդիպել է տեղի բնակիչների հետ, ովքեր իրենց շնորհակալությունն են հայտնել օրեր առաջ համայնքի ոռոգման ջրի մատակարարման հարցում ցուցաբերված հրատապ աջակցության համար, ապա ներկայ ացրել համայնքային տարբեր գործընթացների կազմակերպման ուղղությամբ իրենց տեսակետներն ու նկատառումները:

 

Հարությունյանն Աղավնաձոր համայնքի ղեկավար Մխիթար Դանիելյանի ուղեկցությամբ շրջել է նաև գյուղապետարանի շենքում, այցելել նորակառույց հանդիսությունների սրահ:

 

Աղավնաձոր համայնքի ղեկավարը մարզպետին ներկայացրել է նոր կառուցվող մանկապարտեզի շինարարական աշխատանքների ընթացքին վերաբերող մանրամասներ:

 

Հարությունյանն այցելել է նաև Աղավնաձորի միջնակարգ դպրոց, ծանոթացել հաստատության շենքային պայմաններին և զրուցել աշխատակիցների հետ:

 

Այնուհետև Կոտայքի մարզպետը եղել է Մարմարիկ համայնքում, ուր գյուղապետ Արտակ Պետրոսյանի ուղեկցությամբ շրջել է համայնքային կենտրոնի շենքում, ծանոթացել գործող բուժսպասարկման տեղամասի, մշակույթի կենտրոնի և համայնքային գրադարանի աշխատանքներին: Մարմարիկի գյուղապետարանում հանդիպում է տեղի ունեցել համայնքի ավագանու, ղեկավարի և բնակիչների հետ: Քննարկվել են համայնքի բյուջեի կատարողականին և համայնքի զարգացման ծրագրերին միտված տարաբնույթ հարցեր:

 

Այցելության ավարտին Կոտայքի մարզպետն այցելել է Մարմարիկի միջնակարգ դպրոց, ծանոթացել համայնքում կառուցվող հանդիսությունների սրահի շինարարական աշխատանքների ընթացքին: