Գազայում շարունակվող ռազմական գործողությունների առնչությամբ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից ամեն օր Իսրայելին անիծող հայտարարությունների ֆոնին բացահայտվել է փաստաթուղթ, որով ապացուցվում է, որ Թուրքիան ավիացիոն վառելիք է վաճառում հրեական պետության կործանիչ ինքնաթիռների համար, որոնք ռմակոծում են Գազան:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական ԶԼՄ-ները հրապարակել են Թուրքիայի վիճակագրական կազմակերպության պաշտոնական փաստաթուղթը, որի համաձայն այս տարվա մարտ եւ ապրիլ ամիսներին Իսրայելը Թուրքիայից 124 տ 562 լիտր ավիացիոն վառելիք է գնել:

 

Ըստ հաշվարկների, նշված ծավալի վառելիքը բավարար է Իսրայելի օդուժին պատկանող 25 հատ F-16 կործանիչների օդ բարձրանալու եւ Գազան ռմբակոծելուց հետո ետ վերադառնալու համար:

 

Թուրքիայի կողմից Իսրայելի կործանիչների համար վառելիք վաճառվելու մասին ավելի վաղ հայտնել էր նաեւ թուրքական «Այդընլըք» թերթը' հղում կատարելով նավագնացության եւ բեռնափոխադրումների գծով մասնագիտացած vesselfinder.com կայքին: Նշվել էր, որ Մալթայի դրոշով' Angora Investmeut Trust INC ընկերությանը պատկանող «MARINER A» լցանավը 2014 թվականի հունիսի 3-ից մինչեւ հուլիսի 10-ը, այսինքն' Գազայում ռազմական գործողություններ սկսվելուց մի քանի օր առաջ, Իսրայելի Հայֆա նավահանգստից 7 անգամ մեկնել է Թուրքիայի Մերսին նավահանգիստ եւ վառելիքով բեռնավորված վերադարձել Իսրայել:

 

Իսրայելի նկատմամբ Թուրքիայի կառավարության դիրքորոշման ոչ անկեղծ լինելն ապացուցող այդ բացահայտումից հետո Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը շտապել է հերքել այդ լուրը: Նա հայտարարել է, որ Թուրքիայի կառավարությունը Իսրայելին պաշտոնապես վառելիք չի վաճառել, եւ հնարավոր է, որ դա արել է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի օպերատոր «Բրիթիշ փեթրոլիում» ընկերությունը, որն զբաղվում է ադրբեջանական նավթը Թուրքիայով այլ երկրներ փոխադրելու գործով:

 

Թուրքական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ ադրբեջանական վառելիքը Իսրայելին վաճառել է Թուրքիայի վարչապետ Էրդողանի կրտսեր որդուն պատկանող ընկերությունը: