Մոսկվայի Տրոիցկի դատարանը կողմերի միջև քննարկում կանցկացնի Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանի՝ ԿամԱԶի վարորդի գործով, ում մեքենան Պոդոլսկի մերձակայքում բախվել էր երթուղային ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ:
Ինչպես սպասվում է, եզրափակիչ խոսքով հանդես կգան նաև մեղադրյալի փաստաբաններն ու մեղադրյալն ինքը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հարությունյանին նաև հնարավորություն կընձեռվի ասելու վերջին խոսքը, ինչից հետո դատարանը կհեռանա խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու համար:
Հարությունյանը մեղադրվում է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու և կեղծ փաստաթուղթ օգտագործելու մեջ: Վերջին մեղադրանքը Հարությունյանը մերժում է՝ իր մեղքն ընդունելով միայն ճանապարհատրանսպորտային պատահարի համար, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: