Թուրքիայում Իսրայելի դեմ արշավը շարունակվում է: Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) կառավարությունը Պաղեստինի դեմ պաշտոնական Թել Ավիվի գործողությունները «ահաբեկչություն» է գնահատել եւ անմեղ մարդկանց սպանությունը անվանել «ցեղասպանություն»: Թուրքիայի եւ Իսրայելի ընկերությունները փոխադարձաբար բոյկոտի որոշում են ընդունել:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, Թուրքիայի նախագահի թեկնածու եւ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական խորհրդարանում ունեցած ելույթում հայտարարել է, թե Իսրայելի կառավարությունը պետք է իմանա, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը ռազմական լուծում չունի: Նա պահանջել է անմիջապես դադարեցնել Գազայում Իսրայելի զինուժի ռազմական գործողությունները եւ կողմերի միջեւ հրադադար հայտարարել:

 

Նախագահական ընտրությունների քարոզչական արշավի շրջանակում Էրդողանը երեկ Ադանայում կազմակերպված միտինգում հայտարարել է, որ Իսրայելի նկատմամբ Թուրքիան այլեւս նախկինը չի լինելու: «Թուրքիան Իսրայելի համար ժամապահ երկիր չի լինելու: Մենք այլեւս ներողություն խնդրող երկիր չենք, այլ ներողություն խնդրել տվող երկիր ենք»,-ասել է նա:

 

Էրդողանը ելույթը նաեւ համեմել է ազգայնական հայտարարություններով, գովաբանել իրեն եւ հորդորել ընտրություններում քվեարկել իր օգտին:

 

«Մենք մեկ ազգ, մեկ դրոշ, մեկ հայրենիք, մեկ պետություն ենք: Առաջին անգամ քվեարկելով ժողովրդի կողմից ընտրվող նախագահի օգտին' դուք ձեր թոռներին հպարտորեն ասելու եք, որ այս նախագահը ձեր քվեներով է ընտրվել», -հայտարարել է նա:

 

Թուրքական որոշ ԶԼՄ-ներ Էրդողանին մեղադրել են Իսրայելի հարցում երկերեսանի քաղաքականություն վարելու մեջ: Մասնավորապես, թուրքական «Այդընլըք» թերթը Էրդողանի կառավարությանը մեղադրել է Իսրայելին 124 տ 562 լիտր ավիաբենզին վաճառելու մեջ, որով լիցքավորված իսրայելական F-16 ռազմական ինքնաթիռները ռմբակոծում են Գազան: Թերթն իր մեղադրանքը հիմնավորել է Թուրքիայի պետական վիճակագրական կազմակերպության պաշտոնական տվյալներով, որոնց համաձայն' մարտ եւ ապրիլին ամիսներին Իսրայելին վաճառված ավիաբենզինը բավական է 25 ռմբակոծիչների օդ բարձրանալու եւ գազան ռնբակոծելուց հետո վերադառնալու համար: