Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն չի ցանկանում դադարեցնել կրակը Գազայի հատվածում՝ նշելով, որ անհրաժեշտ է պաշտպանել Իսրայելը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, նա նաև ավելացրել է, որ Իսրայելը կշարունակի ռազմական գործողությունները Գազայի հատվածում մինչև անվտանգության և հանգստության հաստատումը:

 

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հուլիսի 24-ին հեռախոսազրույց է ունեցել Քաթարի և Թուրքիայի իր գործընկերների հետ՝ կոչ անելով ջանքեր գործադրել Գազայի հատվածում զինադադարի հասնելու համար: Իր հերթին, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Ռուսաստանը կշարունակի գործադրել Իսրայելի և Պաղեստինի միջև կրակը հնարավորինս արագ դադարեցնելու ջանքեր:

 

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հուլիսի 24-ին քննարկում է Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձությունները: Այս մասին հայտարարել է ՌԴ-ում Պաղեստինի դեսպան Ֆաեդ Մուստաֆան՝ նշելով, որ հույս ունեն, որ ՄԱԿ-ը կընդունի բանաձև, և հարցերը արագ կկարգավորվեն:

 

Գազայի հյուսիսում գտնվող Բեյթ Հանուն քաղաքում պաղեստինցի փախստականների օգնության ՄԱԿ-ի մերձավորարևելյան գործակալության դպրոցի ուղղությամբ իսրայելական ռմբակոծության հետևանքով զոհվել է 10 մարդ և վիրավորվել ևս 150-ը:

 

Պաղեստինյան աղբյուրները տեղեկացնում են, որ իսրայելական հարձակման 17-րդ օրը զոհվել է 62 մարդ, իսկ զոհերի ընդհանուր թիվը հասել է 765-ի: