Կոտայքի մարզի Մայակովսկի համայնքում տեղի է ունեցել առողջության առաջնային պահպանման կենտրոնի նորակառույց շենքի բացման հանդիսավոր արարողություն, որին մասնակցել է ՀՀ Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, մարզպետարանի ենթակայության «Մայակովսկու ԱԱՊԿ» ՓԲԸ-ի նորակառույց շենքի բացման առթիով կազմակերպված հանդիսության շրջանականերում դիմելով ներկաներին' Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանն ընդգծել է համայնքի ազգաբնակչության բուժսպասարկումը պատշաճ և հարմարավետ պայմաններում կազմակերպելուն միտված նմանատիպ նախաձեռնության կարևորությունն ու շնորհակալական խոսքեր հղել բոլոր բարերարներին:

 

Կոտայքի մարզպետն իր խոսքում անդրադարձել է նաև մարզպետարանի կողմից առողջապահության բնագավառի արդյունավետ գործունեությանն ուղղված նախաձեռնություններին և հիմնական մոտեցումներին' նշելով, որ նորակառույց այս հաստատությունում ևս գերակա են համարվելու բնակիչներին մատուցվող ծառայությունների որակի ապահովման առաջնահերթությունները:

 

Մայակովսկիում կայացած տոնական միջոցառմանը մասնակցել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանը, ում միջոցներով համալրվել ու վերազինվել են առողջապահական ընկերության տեխնիկական միջոցները:

 

Տոնական արարողությանը ներկա է եղել նաև «Մայակովսկու ԱԱՊԿ» ՓԲԸ-ի նորակառույցի շինարարական աշխատանքների բարերար Ա. Խաչատրյանը:

 

Առողջության առաջնային պահպանման կենտրոնի շինարարական աշխատանքներում ներդրում է ունեցել նաև Մայակովսկի համայնքը:

 

Պաշտոնական բացման արարողությունից հետո հյուրերը շրջել են նորաբաց շենքի տարածքում, ծանոթացել պայմաններին և հնարավորություններին, զրուցել աշխատողների հետ: