ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հուլիսի 23-ի հայտարարությունը որոշ դրական փոփոխություններ էր կրում: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:

 

«Այն դասական հայտարարություններից էր, բայց' որոշ դրական փոփոխություններով, քանի որ նշվում է զինադադարի խախտման արդյունքում քաղաքացիական անձանց սպանությունների մասին և կոչ է արվում զերծ մնալ միտումնավոր թիրախավորված հարձակումներից գյուղերի և խաղաղ բնակչության վրա»,- ասաց Բաբայանը: ԼՂ նախագահի խոսնակը միաժամանակ գտնում է, որ հայտարարությունները պետք է առավել առարկակայական լինեն և հստակ դատապարտեին զինադադարը խախտող կողմին' Ադրբեջանին:

 

«Եթե զինադադարը խախտել է Ադրբեջանը, դիվերսիոն խումբ ուղարկելով Քարվաճառ, ապա հայտարարությունում պետք է դատապարտվեր այդ կողմը կամ էլ կոնկրետ նշվեր պարտականությունը' զերծ մնալու նման քայլերից: Համարենք, որ առաջին քայլն արված է, և հետագա հայտարարություններն ավելի առարակայական կլինեն»,- ընդգծեց նա:

 

Հուլիսի 23-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարությամբ են հանդես եկել' խորը մտահոգություն հայտնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության սրացման և հայ-ադբեջանական սահմանին խաղաղ բնակիչների սպանությունների վերաբերյալ: Եռանախագահները հորդորել են կողմերին դժբախտ իրավիճակներից խուսափելու հանձնառություն ստանձնել և զերծ մնալ դիտավորյալ հարձակումներից գյուղերի և խաղաղ բնակիչների վրա: Կողմերին նաև կոչ է արվել մեղմել ստեղծված լարվածությունը և հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմի պայմաններին:

 

Քարվաճառում հուլիսի 14-ի ժամը 13:00-ի դրությամբ, ավարտվել է ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունը ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ: Արդյունքում խմբի բոլոր անդամները գերեվարվել կամ ոչնչացվել են հայկական ուժերի կողմից:

 

ՀՀ ՊՆ-ն հայտարարել է, որ պատրաստ է միջազգային կառույցներին տրամադրել Քարվաճառում ադրբեջանական դիվերսիոն փորձի ապացույցները: ԼՂՀ և ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղություն) հակառակորդը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը: Խմբի չեզոքացման ժամանակ հայզինծառայողները ոչնչացրել են մեկ դիվերսանտի: Փոխհրաձգության ժամանակ զոհվել է հայ սպա'1972թվականին ծնված մայոր Սարգիս Աբրահամյանը, վիրավորվել է 1977 թվականին ծնված Կարինե Դավթյանը:

 

Դիվերսանտների նկատմամբ ԼՂՀ գլխավոր դատախազությունը հարուցել է քրեական գործ և առաջադրել մի քանի մեղադրանքներ: