Սևանա լճի բուսական և կենդանական աշխարհը շատ զարգացած է և լուրջ հետազոտությունների կարիք ունի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հուլիսի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեցին Ստորջրյա հետազոտությունների և սուզումների հայկական կենտրոնի (ՍՀՍՀԿ) անդամները' ներկայացնելով Սևանա լճի ստորջրյա հինգերորդ ֆրանս-հայկական գիտարշավի նպատակներն ու արդյունքները: Լրագրողների հետ հանդիպման էին եկել Երկրաբանական գիտությունների դոկտոր Արա Ավագյանը, սուզորդներ Ստեփան Կոջայանը (Ֆրանսիա), Կլոդ Թուլումջանյանը (Մարսել) և ՍՀՍՀԿ -ի տեխնիկական մասի պատասխանատու Վահե Մելքոնյանը:

 

Գիտարշավի ընթացքում արված բացահայտումները մեծ հետաքրքրություն են ներկայացնում ինչպես զբոսաշրջության զարգացման, այնպես էլ գիտական հետազոտություններ իրականացնելու տեսանկյունից: Հետազոտական խումբը դրանցից մասնավորապես առանձնացրեց Սևանի ավազանի Նորատուսից Վարդենիս հատվածում մանր ու խոշոր ջրի պղպջակների ակտիվ արտանետումը, որոնց ծագումը դեռ պետք է պարզ դառնա գիտական հետազոտության արդյունքում:

 

Բացի այդ, Սևանի թերակղզու հետևի մասի հարթ ավազանում' 20-25 մետր խորության վրա, հայտնաբերվել են սնկաձև ժայռեր, ինչը սուզորդների գնահատմամաբ, հետաքրքիր երևույթ է լճի համար: Կենտրոնի անդամները փորձանմուշներ են վերցրել և պատրաստ են դրանք տրամադրել բոլոր շահագրգիռ գիտական հաստատություններին' հետազոտությունների համար:

 

Սուզորդները նաև նշեցին, որ տարածաշրջանի ամենաբարձրադիր քաղցրահամ լիճը համարվող Սևանա ավազանում շատ դժվար է սուզումներ իրականացնել: Նկարահանումներ և գիտական նոր բացահայտումներ անելու համար պրոֆեսիոնալ ջրասուզակների մեծ կարիք է զգացվում: