Վերջերս հեռուստատեսային հարցազրույցի ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ դադարել է անձամբ հեռախոսով շփվել ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամայի հետ: Թե որքանով լուրջ կարող է սա անդրադառնալ ԱՄՆ եւ Թուրքիայի փոխհարաբերությունների վրա' հուլիսի 25-ի լրագրողների հետ հանդիպմանը պարզաբանեցին թուրքագետներ Արտակ Շաքարյանն ու Հակոբ Չաքրյանը:

 

Արտակ Շաքարյանի խոսքով' Մերձավոր Արեւելքում կա մի վերաբերմունք, որ Թուրքիայում կառավարությունը սիրում է ԱՄՆ-ին, իսկ ժողովուրդը՝ ատում, մինչդեռ Իրանում ամեն ինչ հակառակն է: Առավելապես, վերջերս Թուրքիայում բարձր են հակասիոնիստական եւ հակաամերիկյան տրամադրությունները: «Այս քայլը ավելի շատ ուղերձ է ժողովրդին՝ ձայներ հավաքելու համար: Որքան էլ իրենք ցույց տան ԱՄՆ-ի հետ հարաբերությունների խզվածությունը, սակայն Թուրքիան եւ ԱՄՆ-ը ռազմական ոլորտում անչափ փոխկապակցված հարաբերություններ ունեն, եւ երկու երկրներն էլ իրարից հրաժարվելու հնարավորություն չունեն»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` հավելեց թուրքագետը:

 

Հակոբ Չաքրյանի պարզաբանմամբ' վերջին ժամանակներս հենց Օբաման չէր պատասխանում Էրդողանի զանգերին, քանի որ Թուրքիան պահանջում էր, որ ԱՄՆ-ի հետ միասին ռազմական մուտք գործեն Սիրիա, իսկ ԱՄՆ-ում վերջին նախագահական ընտրություններից առաջ Օբաման հայտարարել էր, որ ԱՄՆ-ը չի պատրաստվում Մերձավոր Արեւելքում նոր ռազմական գործողություններ ծավալել: «Ի դեպ, Օբաման պարտավոր չէր պատասխանել Էրդողանի հեռախոսազանգերին, քանի որ նա նախագահ չէ: Իսկ Ջո Բայդենի պատասխանելն Էրդողանի հայտարարությանը բավականին տրամաբանական էր , քանի որ ԱՄՆ-ը վարչապետ չունի, եւ այս դեպքում Թուրքիայի վարչապետի հետ պետք է շփվի ինքը՝ ԱՄՆ-ի փոխնախագահը, եւ ոչ թե նախագահը»,- ասաց Չաքրյանը:

 

Նա հավելեց, որ Թուրքիան իր ագրեսիվ հակահայկական քաղաքականությամբ վերջին ժամանակներս հսկայական խոչընդոտ է դարձել ԱՄՆ-ի համար' հարավկովկասյան քաղաքականությունը զարգացնելու գործում: