ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի վստահեցմամբ' կառավարությունն ամեն ինչ անում է, որ այս կամ այն քաղաքական դրդապատճառներով պայմանավորված այլ երկրների նկատմամբ պատժամիջոցները չազդեն Հայաստանի տնտեսության վրա: Այսպիսի հայտարարություն արեց վարչապետը լրագրողների հետ ճեպազրույցում, Դիլիջան կատարած այցի ժամանակ:

 

Պատասխանելով հարցին, թե ինչ չափով Արևմուտքի պատժամիջոցները Ռուսաստանի վրա կազդեն Հայաստանի տնտեսության վրա, Հովիկ Աբրահամյանը նշեց. «Մենք' որպես կառավարություն, ամեն ինչ անում ենք, որ դրանք ազդեցություն չունենան մեր տնտեսության վրա: Խնդիրն այն է, որ մենք մեր գործն անենք, հնարավորիս շատ օտարերկրյա ներդրումներ ներգրավենք ՀՀ տնտեսությունը զարգացնելու համար:

 

Ինչպես Սահմանադրությունից են ածանցվում բոլոր օրենքները, այնպես էլ ՀՀ քաղաքացու բարեկեցությունը ուղղակի կախված է տնտեսության զարգացումից: Ամեն ինչ պետք է անենք, որ զարգանա մեր տնտեսությունը, որից կածանցվեն մնացած մեր հաջողությունները բոլոր բնագավառներում»:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ' Հովիկ Աբրահամյանը հավաստեց, որ կառավարությունը ջանք չի խնայելու, որպեսզի «Նաիրիտ»-ի հետ կապված ներդրումային ծրագրերն իրագործվեն:

 

Ինչ վերաբերում է «Նաիրիտ 2»-ի շուրջ խոսակցություններին, ապա վարչապետը հավաստեց, որ իրենք հետամուտ են լինելու բոլոր հարցերին ամբողջական ու ճշգրիտ պատասխան ստանալուն: «Խոսակցություններ միշտ էլ լինում են, բայց այդ խոսակցություններից դուրս մենք հետամուտ ենք լինելու, որ ունենանք յուրաքանչյուր հարցի իրական պատկերը: Մենք որևէ խոչընդոտ չենք տեսնում, կաշկանդվածություն չունենք, որպեսզի բացահայտումներ կատարենք: Եթե կան մարդիկ, ովքեր մեղավոր են, պատասխան են տալու»,- շեշտեց Հովիկ Աբրահամյանը:

 

Հուլիսի 25-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը աշխատանքային այցով Դիլիջանում էր, ուր այցելեց Դիլիջանի միջազգային դպրոց, այնուհետև եղավ շինարարական աշխատանքների փուլում գտնվող Ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոն: