Ընթացիկ տարվա սեպտեմբերից Վրաստանի խորհրդարանը կաշխատի երկու տարբեր շենքերում: Կոմիտեական լսումները կանցկացվեն Թբիլիսիում՝ Ռուսթավելու պողոտայում գտնվող շենքում, իսկ լիագումար նիստերը պատգամավորները կանցկացնեն Քութայիսում՝ խորհրդարանի նոր շենքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:

 

Խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Զուրաբ Մարաքվելիձեի խոսքով՝ կոմիտեական եւ լիագումար նիստերը կանցկացվեն այն պարբերականությամբ, որը կպահանջի անհրաժեշտությունը եւ խորհրդարանի աշխատակազմը:

 

Կառավարող թիմը խորհրդարանը Քութայիսից Թբիլիսի վերադարձնելու մասին խոսում Էր դեռ մինչեւ իշխանության գալը: Բայց իշխանության գալուց հետո հարցը չի հաջողվել լուծել, քանի որ չի եղել անհրաժեշտ սահմանադրական մեծամասնություն:

 

Խորհրդարանը տեղափոխելու փաստարկների թվում կառավարող թիմի անդամները նշում են Քութայիսում գտնվող նոր շենքում աշխատելու համար անտանելի պայմանները, գործադիր եւ օրենսդիր իշխանությունների միջեւ հեռավորությունը եւ ավելացած ծախսերը: