Որքան էլ Պաշտպանության նախարարությունն ամեն տարի ուրախությամբ նշի, որ բանակում խաղաղ պայմաններում մահերի թիվը նվազում է, իսկ պաշտպանության նախարարն էլ հայտարարի, որ իրենց գործունեությունն ավելի թափանցիկ է դարձել, իսկ բոլոր մարդիկ, ըստ իրենց կատարած հանցագործությունների մակարդակի, ստանում են համապատասխան պատիժներ, այնուամենայնիվ, իրականությունն այլ ցուցանիշ է ներկայացնում ու ընդգծում խոսքի և գործի տարբերությունը:

Ինքնասպանության անվան տակ կատարված որևէ սպանություն չի բացահայտվում, որևէ գործի քննություն ճիշտ ուղղությամբ չի տարվում: Այդպիսի մի դեպք էլ անցյալում մնաց. 2011-ի օգոստոսի 19-ին Գորիսի զորամասում մահացած 19-ամյա Վարդան Սևյանի մահից անցել է մեկ տարի և չորս ամիս, սակայն քրեական գործը 07.12.11 թվականին կարճվել է ՀՀ քր.դատ.օր.-ի 35 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Վարդան Սևյանի զորացրվելուն չորս ամիս էր մնացել, սակայն նա չհասցրեց զորացրվել: Մոր' Սուսաննա Սևյանի հետ խոսել էր մահվանից մեկ օր առաջ՝ օգոստոսի 18-ին, իսկ օգոստոսի 19-ին ստացվել է Վարդանի մահվան լուրը: Վերջին անգամ մոր հետ ընկճված էր խոսել, թեև բանակից ծառայության ընթացքում երբեք չի դժգոհել, մեծ սիրով է բանակ գնացել: Ծնողներին նախնական վարկածով ասել են, թե մտել են վրան, տեսել Վարդանին ինքնասպանված, ձեռքի մեջ աղջկա նկար է ունեցել պահած, սակայն այս վարկածին ծնողները չեն հավատում, քանի որ այդ նկարը նրանք նույնիսկ չեն տեսել, ավելին՝ հրամանատարը պատմել է, որ մեկ ամիս Վարդանը պրոբլեմ է ունեցել մի սպայի հետ, տղայի դին ևս այլ բան էր հուշում՝ թևերը վիրակապով կապած էին, վիզը կտրած էր, անշնորհք ձևով կարած, ականջների կողքերն էլ էին կարած: Ինչևէ, գործը փակվեց, թեև որևէ մեկը չհավատաց ինքնասպանության վարկածին, այն էլ՝ սիրո հողի վրա:

Դեռ այն ժամանակ հարևանները պատմում էին, որ Վարդանը իրենց աչքի առջև մեծացած, համեստ, խելոք երեխա է, արժանապատվություն ունեցող. «Բանակը հղփացածների տեղն է, Վարդանին կարային օգտագործեին, հազար ու մի բան անեին, քյասիբ երեխա էր, այսօր լկտիություն է բանակում տիրում, բանակը Վարդանի նմանների համար բանտ է»:

Վարդան Սևյանը ապրում էր անապահով ընտանիքում, տղայի մահից հետո նրա հայրը բռնեց արտագաղթի ճանապարհը և միայն մեկ անգամ՝ տղայի մահվան առաջին տարելիցին է գումար ուղարկել՝ 75.000 դրամ: Մայրը շարունակում է իր սեզոնային հավաքարարության աշխատանքը, ինչը չի բավարարում երկու երեխաների կենցաղային խնդիրների լուծման համար, նաև ծերերին է ճաշ բաժանում, և միակ մտահոգությունն այն է, որ ամսական տրվող 16.000 դրամը՝ ընտանիքին հատկացվող նպաստը, չդադարեցնեն: Ամենացավալին այն է եղել, որ անգամ որդու մահվան տարելիցին որևէ մեկը չի այցելել զինվորի մորը, անգամ չի էլ զանգել:

Սևյանների ընտանիքն ապրում է անապահով պայմաններում, օգնության կարիք ունի: Իսկ այս ամսվա գազի և էլեկտրականության վճարումները Սուսաննան չգիտի ինչպես է կատարելու:

Ամանորն առանց Վարդանի կորցրել է երբեմնի նշանակությունը: Նա մեն-մենակ մեծացնում է երեխաներին, բայց հիմա մտահոգ է երկրորդ տղայի ճակատագրով: Փետրվարի 20-ին տղան 17 տարեկան է դառնալու, մոտենում է նաև նրա բանակ գնալու ժամանակը, ինչը տիկին Սուսաննային մտահոգվելու առիթ է տալիս:

Սևյանների ընտանիքը ինձ երբևէ հանդիպած, թերևս, ամենաանապահով ընտանիքների թվին է պատկանում, որոնք զրկված են կենցաղային տարրական պայմաններից, որտեղ ներքնակի մեջ հարդ է լցված, որտեղ աղքատությունը թողել է իր դրոշմը տան ամեն մի անկյունում: