Այգեպարի «պաշտպանող պատի» կառուցումը կմեկնարկի օգոստոսի 10-ին, որի համար տրամադրվել է 6 միլիոն դրամ: Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: «Կարմիր խաչը խոստացել էր, որ իրենք պետք է մասնակի աշխատանքներ կատարեին, մենք էլ նախատատրաստվում ենք, որ ամսի 10-ից պետք է սկսենք կառուցումը: 6 միլիոն դրամ է նախատեսվել»,- նշեց մարզպետը' նշելով, որ «Այո» նախաձեռնության հավաքած գումարի կարիքը չի զգացվի:

 

Այգեպարը Տավուշի սահմանամերձ գյուղերից է, որը 648 բնակիչ ունի, գյուղի դպրոցում 54 աշակերտ է սովորում, իսկ մանկապարտեզ հաճախում է 25 երեխա: Գյուղը շատ մոտ է Ադրբեջանի հետ սահմանին, իսկ որոշ տներ սահմանից ընդամենը 100 մետր են հեռու, մանկապարտեզի ու դպրոցի շենքերը հեռու են մոտ 700 մետր:

 

Հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը այգեպարցիների առօրյայի մի մասն են, իսկ ադրբեջանցիների կրակոցներն ուղղված են հիմնականում քաղաքացիական շինություններին, մասնավորապես, դպրոցին ու մանկապարտեզին: Դպրոցը մի քանի անգամ արդեն վնասվել է, իսկ փամփուշտները պատուհաններից ներս թափանցելով՝ վտանգի են ենթարկել դպրոցական երեխաների կյանքը: Դպրոցի դիմաց գտնվող խաղահրապարակում չափազանց վտանգավոր է գտնվել' հրազենային կրակոցների պատճառով: Կրակոցները անմասն չեն թողել նաև Այգեպարի մանկապարտեզը' ինչից հետո դաստիարակները խուսափում են երեխաներին խաղասենյակ կամ բակ տանել:

 

Երեք մետր բարձրություն և 70 մետր երկարություն ունեցող պատը կպաշտպանի դպրոցն ու մանկապարտեզը փամփուշտներից, և երեխաները հնարավորություն կունենան անվտանգ պայմաններում ուսանել ու խաղալ:

 

Ինչ վերաբերում է Տավուշի սահմանամերձ համայնքներում գյուղատնտեսական աշխատանքների կատարման ու դրանց անվտանգության ապահովմանը, Հովիկ Աբովյանը նշեց, որ աշխատանքներն ընթացքի մեջ են: «Հացահատկային կուլտուրաների տարածքն այսօր 6 հազար 100 հեկտար է, որից 5 հազար 200 հեկտարի բերքահավաքի աշխատանքները կատարվել են: Մովսես, Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր գյուղերի հատվածում էլ աշխատանքները կիրականացվեն ժամանակին: Ոչ մի հեկտար, ոչ մի քառակուսի մետր հող չենք թողնի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' նշեց մարզպետը:

 

Նրա խոսքով' Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները կլինեն տարածքում աշխատանքների ժամանակ: «Նախապես այդպիսի պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ պետք է կատարվի»,-նշեց նա:

 

Տավուշի սահմանամերձ գյուղերի գյուղապետերը դիմել էին ԿԽՄԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին, որպեսզի նրանք միջնորդեն, որ գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ հակառակորդը չկրակի խաղաղ բնակչության ուղղությամբ: