ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. հուլիսի 25-ի որոշումով արգելվել է «ԴԻԼԻ» ՍՊԸ-ի «Մոցառելլա դիլի» պանրի արտադրատեսակի արտադրությունը:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ մամուլի բաժնից, «ԴԻԼԻ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման ընթացքում վերոնշյալ արտադրատեսակի արտադրության փուլում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում. ստուգման ընթացքում պարզվել է, որ ԴԻԼԻ » ՍՊԸ-ի կողմից արտադրված «Մոցառելլա դիլի» պանրի արտադրատեսակի նմուշները, համաձայն «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատոր փորձաքննության արդյունքների, ԱՑԽՄ ցուցանիշով չեն համապատասխանում ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Կաթին, կաթնամթերքին և դրանց արտադրությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1925-Ն որոշմամբ սահմանված պահանջներին:

 

Կազմակերպությանը տրվել է հանձնարարական՝ վերացնելու հայտնաբերված խախտումները, արտադրության տեխնոլոգիական գործելակարգը և տեխնոլոգիական գործընթացն իրականացնել տվյալ արտադրանքի համար հաստատված տեխնոլոգիական հրահանգին համապատասխան:

 

Խախտումների վերացման ժամկետ է սահմանվել մինչև 2014 թվականի օգոստոսի 10-ը: