Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում հուլիսի 25-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից Կոլեգիայի նիստը:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստի ընթացքում քննարկվել են 2014 ուսումնական տարվա ձմեռային ուսումնական փուլում ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստության, կարգապահության և մարտական հերթապահության իրականացման վիճակը, առկա խնդիրներն ու բարելավման ուղիները:

 

Կոլեգիայի նիստին մասնակցել են ՀՀ Նախագահի խորհրդական, գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի, ԶՈւ ԳՇ պետի տեղակալները, ՊՆ, ԶՈւ, ԶՈւ ԳՇ վարչությունների և առանձին բաժինների պետեր, զորամիավորումների հրամանատարներ և այլք: Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի միջև փոխհամագործակցության շրջանակում Կոլեգիայի նիստին ներկա էին նաև ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը և ՊԲ բարձրաստիճան սպաներ:

 

ԶՈւ 2014 թվականի ձմեռային ուսումնական փուլի ամփոփիչ Կոլեգիայի նիստի մեկնարկից առաջ ուսումնական փուլի ընթացքում աչքի ընկած մի խումբ զինծառայողներ պարգևատրվեցին գերատեսչական մեդալներով, պատվոգրերով և արժեքավոր նվերներով:

 

Կոլեգիայի նիստի բացման խոսքով հանդես եկավ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Անդրադառնալով տարածաշրջանային ներկայիս զարգացումներին' պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ հատկապես նման իրավիճակում անհրաժեշտ է ապահովել բարձր զգոնություն, նվազագույն մակարդակի հասցնել բացթողումներն ու թերացումները:

 

Հաշվետու զեկույցներով հանդես եկան ՀՀ ԶՈւ մարտական պատրաստության վարչության պետ, գնդապետ Տիրան Խաչատրյանը, ՀՀ ԶՈւ անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետ, գեներալ-մայոր Ալեքսան Ալեքսանյանը և ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը: Զեկույցներում ներկայացվեցին ձմեռային ուսումնական փուլի ընթացքում իրականացված համաբանակային ստուգումների արդյունքները, մատնանշվեցին հայտնաբերված բացթողումները և ուսումնական փուլի ընթացքում առանձին ստորաբաժանումների արձանագրած հաջողությունները:

 

Առանձնահատուկ շեշտ ադրումներ կատարվեցին վերջին շրջանում գրանցված հրադադարի ռեժիմի խախտման և հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի ներթափանցման, կանխարգելիչ միջոցառումների իրականացման և հակազդման գործում համապատասխան ստորաբաժանումների արագ և արդյունավետ աշխատանքի մասին:

 

Կոլեգիայի հերթական նիստը համընկել էր ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների ավարտական գործընթացին և այն համատեղվել էր երիտասարդ սպաների համագումար-հավաքի հետ: Ըստ այդմ' նիստին առաջին անգամ ներկա էին նաև ռազմաուսումնական հաստատությունների 2014թ. շրջանավարտները:

 

Այս տարի առաջին անգամ ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների շարքերում են իգական սեռի երեք ներկայացուցիչներ: ՀՀ պաշտպանության նախարարը նիստի ընթացքում հատուկ շնորհակալություն հայտնեց նրանց յուրահատուկ խիզախում դրսևորելու և զինվորական մասնագիտու թյուն ընտրելու համար: